Սքրենտոնյան համալսարանի հետազոտողները հաստատել են, որ ամերիկացու սննդակարգում սուրճը հակաօքսիդանտների համար մեկ աղբյուրն է հանդիսանում:
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ օրական մի քանի բաժակ սուրճը իջեցնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի, եվ նույնիսկ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Այդ իսկ պատճառով օգտակար է իմանալ, թե ինչ սուրճ ընտրել, ինչպես այն պահպանել եվ ինչպես ճիշտ պատրաստել: Fox News-ը ներկայացրել է մի քանի օգտակար խորհուրդ:
Բովում
Ինչքան ավելի բաց է սուրճի հատիկների երանգը, այնքան դրանք ավելի օգտակար են: Կանաչ սուրճը բովելիս դրա հակաօքսիդանտային հատկությունները ուժեղանում են, սակայն եթե չափից շատ բովել, ապա այդ նյութերը նորից քայքայվում են: Այնպես որ փորձեք բաց շագանակագույն հատիկներով սուրճ գնել:
Պահպանում
Սուրճի հատիկները խորհուրդ է տրվում պահպանել հերմետիկ տարայում, ցանկալի է՝ ոչ աղացած վիճակում: Այդպես սուրճի միջի ազատ ռադիկալների քանակը մինիմալ կլինի, իսկ հակաօքսիդանտային հատկությունները կպահպանվեն։
Եփում
Իտալացի հետազոտողները ուսումնասիրել են սուրճի եփման 5 ձեւեր եւ հայտնաբերել, որ Մոկա, Էսպրեսսո կամ Նեոպոլիտանո սրճեփներում պատրաստված սուրճը ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում:
Հավելումներ
Սուրճը ինքն իրենով չափազանց սննդարար է եւ բոլոր հավելումները այն միայն փչացնում են: Ծայրահեղ դեպքում կարելի է մի քիչ աղացած դարչին ավելացնել՝ սուրճին ավելի դուրեկան համ տալու համար: