ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Տոկիոն պետք է «ակտիվանա» և աջակցի Հորմուզի նեղուցի անվտանգությանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի պայմաններում։
Հանդիպման ընթացքում լրագրողի հարցին՝ ինչու ԱՄՆ-ը նախապես չի տեղեկացրել դաշնակիցներին Իրանի դեմ հարձակման ծրագրերի մասին, Թրամփը պատասխանել է կատակով՝ հիշեցնելով Փերլ Հարբորի հարձակումը։
«Մենք ուզում էինք անակնկալ։ Ո՞վ է ավելի լավ հասկանում անակնկալը, քան Ճապոնիան։ Ինչո՞ւ դուք ինձ չասացիք Փերլ Հարբորի մասին»,– ասել է նա՝ դիմելով Տակաիչիին, որը, ըստ լրատվամիջոցների, անհարմար է զգացել։
Չնայած այդ դրվագին, կողմերը նախատեսում են քննարկել առևտրի և գլոբալ անվտանգության հարցեր։ Տակաիչին դարձել է այն քիչ առաջնորդներից մեկը, ով այցելել է Սպիտակ տուն Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո՝ փետրվարի 28-ից ի վեր։
Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ շուկայի առանցքային ուղիներից է, որով անցնում է աշխարհի նավթի մոտ մեկ հինգերորդը։ Իրանի կողմից նեղուցում նավագնացության սահմանափակումը արդեն հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի։
Իր ելույթում Տակաիչին քննադատել է Իրանի գործողությունները՝ նշելով, որ դրանք ներառում են տարածաշրջանային հարձակումներ և նեղուցի փաստացի փակումը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը լուրջ հարված է հասցնելու համաշխարհային տնտեսությանը։
«Համաշխարհային տնտեսությունը կանգնած է մեծ հարվածի առաջ, սակայն ես վստահ եմ, որ հենց դուք կարող եք հասնել խաղաղության»,– ասել է նա՝ դիմելով Թրամփին։
Թրամփը, իր հերթին, շարունակել է պնդել, որ Իրանը մոտ է պարտությանը, սակայն ընդունել է, որ Հորմուզի նեղուցը մնում է առանցքային խնդիր։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը պարտադիր չի համարում այլ երկրների մասնակցությունը, բայց «ճիշտ կլինի», եթե դաշնակիցները ներգրավվեն։
Միաժամանակ նրա հայտարարությունները հակասական են եղել․ տարբեր ելույթներում նա նշել է թե՛ ԱՄՆ-ը կարող է ինքնուրույն վերահսկել նեղուցը, և թե՛ անհրաժեշտ է դաշնակիցների աջակցությունը։
Մինչ հանդիպումը Ճապոնիան և եվրոպական մի շարք երկրներ հայտարարել էին, որ կքննարկեն նեղուցի վերաբացմանն աջակցելու հնարավոր քայլերը, սակայն դրանց բնույթը դեռ հստակ չէ։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի խաղաղասեր սահմանադրությունը սահմանափակում է երկրի ռազմական ներգրավվածությունը արտաքին հակամարտություններում, ինչը բարդացնում է ԱՄՆ-ի կոչերին արձագանքելու հարցը։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել․ Իսրայելի կողմից Իրանի գազային ենթակառուցվածքների թիրախավորումից հետո Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Կատարում գտնվող էներգետիկ օբյեկտներին, ինչը նորից ցնցել է համաշխարհային էներգետիկ շուկաները։
Թրամփը նաև հայտարարել է, որ առայժմ չի ծրագրում ամերիկյան ցամաքային զորքեր տեղակայել նեղուցում, սակայն չի բացառել նման քայլը ապագայում։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի

























