Տավուշի մարզում իրականացվող պետական և սուբվենցիոն տասնյակ ծրագրեր կապալառու շինարարական կազմակերպությունների մեղքով կամ այլ պատճառներով տարիներով ձգձգվում են, խախտվում են ծրագրերով սահմանված, պայմանագրերով վավերացված ժամկետները։
Մինչդեռ այդ ծրագրերի մի զգալի մասն իրականացվում է արտերկրից վերցված վարկերով, որոնք պետք է՝ մարվեն։
Մարտի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին տեղեկատվական հարցում ենք արել․ «2026թ․ փետրվարի 12-ին կառավարության որոշմամբ մարզպետների աշխատակազմերին թույլատրվել է 2022-2025թվականներին հավանության արժանացած և համայնքապետարանների հետ կնքված ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի պայմանագրերում կատարել փոփոխություններ և դրանց ժամկետները երկարացնել մինչ 2027թ․ հունիսի 30-ը։
Դա վերաբերում է այն ծրագրերին, որոնցով աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2025թ․նոյեմբերի 15-ը։
Կառավարության փետրվարի 12-ի որոշման հիմքով Տավուշի մարզում սուբվենցիոն քանի՞ ծրագրի իրականացման ժամկետ է երկարաձգվել, որո՞նք են այդ ծրագրերը, որքա՞ն է յուրաքանչյուրի արժեքը, որոնք են կապալառու կազմակերպությունները, այդ ծրագրերից յուրաքանչյուրն ի՞նչ պատճառով է հետաձգվել» ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա․Դարբինյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 12․02․2026թ թիվ 142-Ն որոշմամբ երկարաձգվել են ընթացքի մեջ գտնվող 2024 և 2025 թվականներին հավանության արժանացած ՀՀ Տավուշի մարզի 44 ենթածրագրեր(2024թ․՝ 6 ենթածրագիր, 2025թ․՝ 38 ենթածրագիր)։ Հարկ է նշել, որ 2022 և 2023թականներին հավանության արժանացած երկարաձգման ենթակա ծրագրեր ՀՀ Տավուշի մարզում չկան»։
Մարտի 12-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել․ «Մարտի 12-ի դրությամբ որո՞նք են Տավուշի մարզում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերը, որոնց իրականացման ժամկետը երկարաձգվել է։ Որքա՞ն է այդ ծրագրերից յուրաքանչյուրի արժեքը, ո՞ր կազմակերպություններն են դրանք իրականացնում, ի՞նչ պատճառներով են այդ ծրագրերը հետաձգվել» ։
Մարզպետի աշխատակաղզմից հայտնել են․ « ՀՀ Տավուշի մարզի բոլոր համայնքներում ներկայումս ընթանում են շուրջ 17 սուբվենցիոն ծրագրեր, որոնք հաստատվել են 2024,2025թվականներին; ՀՀ կառավարության 12․02․2026թ․ թիվ 142-Ա որոշման համաձայն նշված ծրագրերի վերջնաժամկետ է սահմանվել 2027թ․հունիսի 30-ը։ Նշված ծրագրերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ համապատասխան համայնքապետարաններից»։
Ոսկան Սարգսյան























