Armenian text to speach

Աֆղանստան–Պակիստան հակամարտություն․ պատմական հիմքեր և արդի սրացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտությունը ներկայումս գտնվում է սրման բարձր փուլում և արդեն բնութագրվում է որպես «բաց ռազմական դիմակայություն»։ 2026 թվականի փետրվար–մարտ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները՝ փոխադարձ օդային հարվածներ, սահմանային բախումներ և քաղաքացիական կորուստներ, վկայում են, որ հարաբերությունները դուրս են եկել միայն սահմանային միջադեպերի շրջանակից։ Սակայն այս իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ որպես երկարատև հակասությունների շարունակություն, որոնք ձևավորվել են պատմական, քաղաքական, էթնիկ և անվտանգային գործոնների ազդեցությամբ։

Պատմական հիմքեր և հակամարտության սկզբնավորումը

Հակամարտության հիմքում ընկած է 1893 թվականին սահմանված Դյուրանդի գիծը, որը բաժանել է փաշթուն էթնիկ խմբին երկու մասի։ Այս սահմանը ձևավորվել է բրիտանական գաղութային քաղաքականության արդյունքում և հետագայում դարձել է Աֆղանստանի և Պակիստանի միջև հիմնական վիճելի հարցը։ Աֆղանստանը, ի տարբերություն Պակիստանի, երբեք լիարժեք չի ճանաչել այդ սահմանը որպես միջազգային սահման։

1947 թվականին Պակիստանի ստեղծումից հետո Աֆղանստանը ոչ միայն հրաժարվեց ճանաչել այդ սահմանը, այլ նաև հանդես եկավ «Փաշտունիստան» գաղափարով՝ առաջարկելով ստեղծել անկախ պետություն Պակիստանի հյուսիսարևմտյան տարածքներում բնակվող փաշթունների համար։ Այս մոտեցումը Պակիստանի կողմից ընկալվեց որպես տարածքային ամբողջականության դեմ ուղղված քաղաքականություն։ Արդյունքում, արդեն 1950-ականներից սկսվեցին սահմանային լարվածություններ, ներառյալ զինված ներխուժումներ, անուղղակի ռազմական գործողություններ և դիվանագիտական ճգնաժամեր։ 1961 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները նույնիսկ խզվեցին։

1970-ականներին հակամարտությունը նոր փուլ մտավ, երբ Աֆղանստանը սկսեց աջակցել Պակիստանի ներսում գործող էթնիկ և ազգայնական շարժումներին (մասնավորապես՝ փաշթուն և բելուջ խմբերին)։ Ի պատասխան՝ Պակիստանը որդեգրեց «հակազդման քաղաքականություն» և սկսեց աջակցել Աֆղանստանի ներսում գործող իսլամիստական ուժերին։ Այս ռազմավարությունը դարձավ Պակիստանի երկարաժամկետ քաղաքականության հիմք և հետագայում հանգեցրեց զինված իսլամիստական խմբավորումների ձևավորմանը և ամրապնդմանը։

Սառը պատերազմի ազդեցությունը և զինված խմբերի ձևավորումը

Խորհրդա-աֆղանական պատերազմի ընթացքում (1979–1989) Պակիստանը դարձավ հակախորհրդային ուժերի հիմնական աջակցողներից մեկը՝ համագործակցելով ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների հետ։ Այս ընթացքում ձևավորվեց լայնածավալ զինված ցանց, որը ներառում էր տարբեր իսլամիստական խմբավորումներ, այդ թվում՝ հետագայում իշխանության եկած Թալիբանը։

Այս գործընթացը կարևոր է հասկանալու համար ներկայիս հակամարտությունը, քանի որ հենց այդ ժամանակաշրջանում ձևավորվեցին այն կապերը, գաղափարախոսությունը և ռազմական ենթակառուցվածքները, որոնք այսօր շարունակում են ազդել տարածաշրջանի վրա։ Պակիստանի անվտանգության համակարգի և որոշ զինված խմբերի միջև ձևավորված կապերը հետագայում դարձան երկակի քաղաքականության հիմք՝ մի կողմից պայքար ահաբեկչության դեմ, մյուս կողմից՝ որոշ խմբերի հանդեպ հանդուրժողականություն կամ աջակցություն։

Թալիբանի վերելքը 

1990-ականներին Պակիստանը ակտիվորեն աջակցում էր Թալիբանին Աֆղանստանում իշխանության գալու գործընթացում՝ դիտարկելով այն որպես ռազմավարական գործընկեր։ Սակայն 2001 թվականից հետո, ԱՄՆ-ի միջամտությունից հետո, հարաբերությունները փոխվեցին և դարձան ավելի բարդ։

2021 թվականին Թալիբանի վերադարձը իշխանության նոր իրավիճակ ստեղծեց։ Թեև սկզբնական շրջանում ակնկալվում էր, որ Պակիստանը կկարողանա ազդել Թալիբանի վրա, իրականում Աֆղանստանի նոր իշխանությունները սկսեցին վարել ավելի ինքնուրույն քաղաքականություն։ Սա հանգեցրեց հարաբերությունների աստիճանական վատթարացման։

TTP գործոնը որպես հակամարտության հիմնական պատճառ

Ներկայիս հակամարտության առանցքային պատճառը կապված է «Tehrik-e-Taliban Pakistan» (TTP) խմբավորման գործունեության հետ։ Այս կազմակերպությունը ձևավորվել է 2007 թվականին և նպատակ ունի պայքարել Պակիստանի պետության դեմ, հաստատել շարիաթական կարգեր և թուլացնել պետական կառույցները։ Պակիստանը պնդում է, որ TTP-ն գործում է Աֆղանստանի տարածքից և ունի սերտ կապեր Աֆղանստանի Թալիբանի հետ։ Այս պնդումները հիմնվում են այն փաստի վրա, որ TTP-ն պատմականորեն կապված է աֆղանական Թալիբանի հետ և հաճախ օգտագործում է Աֆղանստանի տարածքը որպես անվտանգ ապաստան։ Աֆղանստանը պաշտոնապես հերքում է այդ մեղադրանքները, սակայն միաժամանակ չի իրականացնում բավարար քայլեր TTP-ի գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ։

2020 թվականից հետո TTP-ն ակտիվացրել է իր գործունեությունը՝ իրականացնելով բազմաթիվ հարձակումներ Պակիստանի անվտանգության ուժերի դեմ։ Սա դարձել է Պակիստանի համար առաջնային անվտանգային սպառնալիք։

Վերջին էսկալացիայի զարգացումը (2025–2026)

2025 թվականի հոկտեմբերին, արտաքին միջնորդների՝ Քաթարի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ, կողմերը համաձայնեցին ժամանակավոր հրադադարի։ Սակայն բանակցությունները ձախողվեցին, և տարվա վերջում լարվածությունը կրկին աճեց։

2026 թվականի փետրվարին իրավիճակը կտրուկ սրվեց։ Փետրվարի 16-ին տեղի ունեցած  հարձակման արդյունքում զոհվեցին Պակիստանի անվտանգության աշխատակիցներ, ինչից հետո Պակիստանը իրականացրեց օդային հարվածներ Աֆղանստանի տարածքում։ Աֆղանստանը պատասխանեց ռազմական գործողություններով՝ հարվածելով Պակիստանի սահմանային դիրքերին։

Մարտի կեսերին Պակիստանը առաջին անգամ հարվածներ հասցրեց ոչ միայն սահմանային շրջաններին, այլ նաև Աֆղանստանի մայրաքաղաքին՝ Քաբուլին։ Այս քայլը նշանակալի է, քանի որ այն ցույց է տալիս հակամարտության տարածման նոր մակարդակ։ Մի քանի օր անց հայտարարվեց ժամանակավոր դադար, սակայն ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։

Հակամարտության աշխարհաքաղաքական նշանակությունը

Հակամարտությունը ունի լայն տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Պակիստանը հանդիսանում է միջուկային պետություն և ունի սերտ կապեր Չինաստանի հետ, որը հանդիսանում է նրա հիմնական տնտեսական գործընկերը։ Երկու երկրները ներգրավված են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, մասնավորապես Չինաստան–Պակիստան տնտեսական միջանցքի նախագծում, որի արժեքը գնահատվում է մոտ 65 միլիարդ դոլար։

Տարածաշրջանում կարևոր դեր ունեն նաև Ռուսաստանը և Հնդկաստանը։ Հնդկաստանը, լինելով Պակիստանի հիմնական մրցակիցը, վերջին տարիներին ակտիվացրել է կապերը Աֆղանստանի հետ։ Պակիստանը պնդում է, որ Հնդկաստանը կարող է աջակցել հակապակիստանյան խմբերին, այդ թվում՝ TTP-ին, թեև այս պնդումները միջազգային մակարդակում ամբողջությամբ հաստատված չեն։

Բացի այդ, հակամարտությունը կարող է նպաստել այլ ահաբեկչական խմբերի ակտիվացմանը, ներառյալ «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» կազմակերպությունները, որոնք շահագրգռված են տարածաշրջանային անկայունության խորացմամբ։

Հումանիտար և տնտեսական հետևանքներ

Հակամարտությունը ունի նաև լուրջ հումանիտար հետևանքներ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2026 թվականի փետրվարի վերջից մինչև մարտի կեսերը գրանցվել են տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ։ Միաժամանակ, Պակիստանը վերջին տարիներին իրականացրել է աֆղան փախստականների զանգվածային արտաքսում։ Միայն 2025 թվականին արտաքսվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։

Սահմանների փակումը և առևտրի սահմանափակումները ծանր հարված են հասցրել Աֆղանստանի տնտեսությանը, որը մեծապես կախված է արտաքին առևտրից և տարանցիկ ուղիներից։ Միևնույն ժամանակ, այս քայլերը նաև բացասաբար են ազդում Պակիստանի սահմանամերձ շրջանների տնտեսության վրա։

Հնարավոր զարգացումներ

Ամենահավանական սցենարը հակամարտության շարունակությունն է ցածր կամ միջին ինտենսիվությամբ՝ պարբերական էսկալացիաներով։ Լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է, սակայն դրա ռիսկը մնում է՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանի անկայունությունը և արտաքին դերակատարների ներգրավվածությունը։

Միաժամանակ, հնարավոր է նաև դիվանագիտական գործընթացների ակտիվացում՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ, սակայն դրանց հաջողությունը կախված է կողմերի քաղաքական կամքից և փոխզիջումների պատրաստակամությունից։

 

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս