Այսօր Մեծ Պահքի 35-րդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։
Չրերով կոնֆետ
Նախ՝ կարևոր է իմանալ, որ չրերով կոնֆետը բավականին առողջարար է։ Այն ամբողջությամբ պատրաստվում է չրերով և մեղրով (պահքին մեղրը թույլատրվում է), քունջութի սերմեր կամ կոկոսի փաթիլներ, երբեմն էլ կարելի է ավելացնել ընկույզ, պնդուկ, գետնանուշ, նուշի հատիկներ, դդմի հատիկներ։
Չրերով կոնֆետ պատրաստելու համար անհրաժեշտ է չրերի տեսականի՝ թթու, քաղցր սալորի, ծիրանի, դեղձի, խնձորի, տանձի, թուզի, նարինջի, լիմոնի չրեր, չամիչ։ Այս բոլորը լավ պետք է լվանալ, չորացնել և աղալ։ Ազալուց հետո բոլորը խառնել իրար և ավելացնել մեղրը, այնքան, որ զանգվածը իրար կպած պահի։ Ցանկության դեպքում՝ ավելացնել մանրացված պնդուկը, գետնանուշը, ընկույզը, նուշի հատիկները, ավելացնել նաև դդմի հատիկները և նորից լավ խառնել, ապա տալ գնդիկաձև տեսք և պատել քունջութի սերմերով կամ կոկոսի փաթիլներով։
Եթե ցանկանում եք պահել տարայի մեջ, առանց որևէ ձև տալու, ապա կարող եք մեղրը շատ լցնել, այնքան, որ կծածկի զանգվածը։
Այս երկու տարբերակն էլ բավականին առողջարար են և ցանկալի է օգտագործել նախաճաշին։
Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):
Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:























