Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ակտիվորեն քննարկվում էր Դավիթ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Վերջինս նախկին վարչապետի սանիկն էր և բնական է, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո ամենառիսկայինը հենց Դավիթ Սարգսյանն էր: Այդպես էլ եղավ. Նախագահի հրամանով Ֆինանսների նախարար նշանակվեց ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը:
Սակայն այսօր armlur.am-ը կներկայացնի ոչ թե նորանշանակ նախարարին, այլ երիտասարդ, բայց արդեն բարձր պաշտոններ զբաղեցնելու մեծ փորձ ունեցող նախկին ֆինանսների նախարարին:
Առաջնային փաստը, որը պետք է նշել և, որն առկա է նաև թե նախկին, թե ներկա պաշտոնյաների մոտ` բանակում չծառայելու փաստն է:
22 տարեկան հասակից սկսել է աշխատել Կենտրոնական բանկում: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ԿԲ նախագահը Տիգրան Սարգսյանն էր: Այս նույն շրջանում նա հասցնում էր նաև աշխատել Սևծովյան առևտրի ու զարգացման բանկում, զբաղեցնելով տնօրենի տեղակալի պաշտոնը: Արդեն 2002-ին 25-ամյա երիտասարդը նշանակվեց ՀՀ Կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետ:
Նախարարի պաշտոնում նա չպաշտոնավարեց անգամ մեկ տարի: Ֆինանսների նախարարի պաշտոնում վերջինս նշանակվել էր 2013թ. մայիսի 8-ին:
Վարչապետի սանիկ լինելը չի ապահովագրել նրան սկանդալային մի պատմությունից: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար եղած տարիներին ունեցել է Գայանե անունով քարտուղարուհի, որի ամուսինը՝ Արթուր Ռուստամյանը, երեք տարի շարունակ լինելով հետախուզման մեջ՝ ընկերություն է արել Դավիթ Սարգսյանի հետ։ Արթուր Ռուստամյանի և Դավիթ Սարգսյանի միջև գործընկերային հարաբերություններ են ձևավորվել, եւ նրանք մի շարք գործարքներ են իրականացրել միասին։
Այնուհետև ԱԱԾ-ին հաջողվել է բռնել կառավարության շենք ամեն օր ելումուտ անող հանցագործին և պարզել, որ Արթուր Ռուստամյանն իրականում Արթուր Մանուկյանն է։ Նախարարը հաստատել է, որ կա հարուցված քրեական գործ, և դրա շրջանակներում ինքը բացատրություններ տվել է։
Անդրադառնանք Ֆինանսների նախկին նախարարի ֆինանսական միջոցներին: Դավիթ Սարգսյանի 2013թ. Հայտարարագրի անշարժ գույք բաժնում նշված է երկու բնակարան և մեկ ավտոտնակ: Դրամական միջոցներ բաժնում նշված է մեկ մլն դրամ և 55.000 դոլար: