ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ Կրթության և գիտության նախարար է վերանշանակվել Արմեն Աշոտյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2009թ.-ից: Սա արդեն նախարարի երրորդ վերանշանակումն է: Armlur.am-ը կներկայացնի վերանշանակված նախարարի գործունեությունն արտացոլող փաստեր:
Նա թերևս սոցիալական կայքերում ամենաակտիվ օգտատերերից է, պարբերաբար նորություններ է տեղադրում իր պատին, կիսվում լուսանկարներով և ակտիվորեն շփվում այլ օգտատերերի համար:
Նրա ակտիվությունը համացանցում բազմիցս եղել է խոսակցությունների և քննարկման թեմա: Շատերը նշում են, թե Աշոտյանը զբաղված է միայն համացանցում ակտիվություն դրսևորելով, այլ ոչ թե ռեալ գործունեությամբ:
Աշոտյանի հարաբերությունները լարված են ընդդիմության գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ: Նա պարբերաբար ԱԺ ամբիոնից «կծում է» ընդդիմության ներկայացուցիչներին, ճառեր է ասում: Լուրեր էին տարածվել նաև, թե եղած տարաձայնությունների պատճառով «Բարգավաճ Հայաստանը» դեմ էր նախարարի վերանշանակմանը: Ակնհայտ է, որ վերջերս նրանց և Աշոտյանի հարաբերությունները լարված էին: Խորհրդարանում նրանք ակտիվորեն միմյանց քննադատում և պիտակներ էին կպցնում:
Սակայն ԲՀԿ-ն միակը չէ, ով դեմ է Աշոտյանին: Վերջինիս քննադատությամբ աչքի են ընկել նաև ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», և խորհուրդ տվել համացանցից տեղափոխվել իրական շփման: Սակայն, կարծես թե, այս քննադատությունները Աշոտյանը հաշվի չի առնում և շարունակում է գրառումներ կատարել սոցիալական ցանցի իր էջում: Վերանշանակումից հետո նա նույնպես շտապել էր այդ տեղեկատվությամբ կիսվել իր ընկերների հետ և շնորհակալություն հայտնել բազմաթիվ շնորհավորանքների համար:
Անդրադառնանք նախարարի կենսագրությանը: Աշոտյանը չի ծառայել բանակում, սակայն պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Հատկանշական է, որ չնայած ինքը չի ծառայել բանակում, սակայն Կառավարությանն էր ներկայացրել օրենքի մի նախագագիծ, որը նպատակ ուներ պայքարել ծառայությունից խուսափողների դեմ:
Ըստ այդ օրենքի, արտերկրում կրթություն ստանալու համար զորակոչային տարիքում գտնվողները պետք է պայմանագիր կնքեն ԿԳՆ-ի հետ, իսկ գրավ դրվող գույքի նվազագույն գինը սահմանվում է 8.5 մլն դրամ:
Աշոտյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներայացրած 2013թ. հայտարարգրում նշել է երկու բնակարան և մեկ նկուղ-ավտոհանգրվան: Պարզվում է՝ նախարար աշխատած այսքան տարիների ընթացքում նա չի հասցրել խոշոր կարողություն կուտակել: Նրա դրամական միջոցները կազմում են 3.200.000 դրամ:
Սակայն պետք է նկատել, որ 2012թ. ընթացքում Աշոտյանը մեծ եկամուտներ է ունեցել: Միայն նրա աշխատավարձը կազմում է 4.397.923 և 883.119 դրամ: Նրան եկամուտ են բերել նաև վարկերը: Դրանցից երկուսի արժեքը միասին կազմում է 20 մլն դրամ, իսկ մյուսինը` 20.000 դոլար:
Ընդհանուր առմամբ, Աշոտյանի մեկ տարվա եկամուտը կազմել է 25.281.042 դրամ: