Մերձավոր Արևելքի պատերազմը «ծանր վնաս» է հասցրել նավթային և էներգետիկ ավելի քան 40 օբյեկտների՝ 9 երկրներում, և միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը զգուշացրել է, որ այդ ճգնաժամը խորը ռիսկեր է առաջացնում գլոբալ տնտեսության համար։
«Անհրաժեշտ չէ ակնկալել, որ որևէ երկիր կհաղթահարի այս ճգնաժամը, եթե այն շարունակվի այս ուղով»,– ասել է Բիրոլը՝ Ավստրալիայի Ազգային մամուլի ակումբում՝ Կանբերրայում։
Նա նշել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի համատեղ ազդեցությունը ավելի ծանր է գնահատվում, քան 1970-ականների երկու նավթային ցնցումները և Ռուսաստանի ու Ուկրաինայի պատերազմի գազային շուկաների ազդեցությունը։
Բիրոլը հավելել է. «Գլոբալ տնտեսության կարևոր ուղիները, ինչպիսիք են նավթաքիմիկատները, պարարտանյութերը, սուլֆուրը, հելիումը — նրանց առևտուրը խափանվել է, ինչը լուրջ հետևանքներ է ունենում տնտեսության համար»։
Նավթի գներն աճում են, քանի որ Իրանի պատերազմի ավարտի նշաններ չեն երևում։ Իսրայելը երկուշաբթի առավոտյան նոր հարվածների ալիք է սկսել Թեհրանի ուղղությամբ, իսկ Իրանը սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքի էլեկտրակայաններին, այն դեպքում եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի իր սպառնալիքը, այն է ՝ պայթեցնել Իրանի էլեկտրակայանները։
ԱՄՆ WTI նավթային գինը գերազանցել է 100 դոլարը մեկ բարելի դիմաց, իսկ միջազգային Brent նավթը գնահատվել է ավելի քան 113 դոլար մեկ բարելի դիմաց։
Բիրոլը նշել է, որ փետրվարի 28-ին սկսված Իրանի պատերազմի հետևանքով 9 երկրներում 40 էներգետիկ օբյեկտ «ծանր կամ շատ ծանր վնասված» են։
Նա նաև հայտնել է, որ խորհրդակցում է Եվրոպայի և Ասիայի կառավարությունների հետ՝ շտեմարաններից լրացուցիչ նավթ բաց թողնելու հնարավորության վերաբերյալ․ «Կտեսնենք, կգնահատենք շուկան, և եթե անհրաժեշտ լինի, անպայման դա կանենք»,– ասել է նա։
Արդեն ամիսներ շարունակ Իրանը վերահսկում է Հորմուզ նեղուցը, իսկ ԱՄՆ նախագահը տվել է 48 ժամ ժամանակ Թեհրանին բացելու նավահանգիստը բոլոր նավերի համար, այլապես սպառնալով «վերացնել» Իրանի էլեկտրակայանները։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























