«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին
Մարիո․ Ընդհանրապես այդպես չեն ձերբակալում, չէ՞։ Այսինքն՝ ուրիշ առաջնորդների հետ այդպես չեն վարվել։ Օրինակ՝ Իմրան Խանին ձերբակալեցին շատ վատ ձևով՝ հրապարակային, քաշելով նրան։ Դրա համար էլ շատ մարդիկ դուրս եկան փողոց ու մեծ բողոքի ակցիաներ սկսեցին։ Նա երկրի վարչապետն էր, շատ հարգված և սիրված, բայց նրան գրեթե փողոցով քաշեցին, և արդյունքում եղան զանգվածային ցույցեր։ Այս դեպքում՝ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել դրա դեմ։ Եթե նա կենտրոնացնում է իշխանությունը և չի հետևում երկրի օրենքներին, չե՞ք անհանգստանում, որ եթե դուք առաջատար եք հարցումներում—նրանք կարող են ինչ-որ ձև գտնել, ինչ-որ իրավական սողանցք, և անել ձեզ հետ այն, ինչ արեցին Թրամփի կամ մյուսների հետ․ կրկին ձերբակալել ձեր հորեղբորը, ձեզ, կամ գտնել որևէ այլ միջոց՝ ձեզ որակազրկելու համար։ Դա մտահոգությո՞ւն է ձեզ համար։
Նարեկ․ Նրանք կարող են ինձ ձերբակալել, կարող են ձերբակալել մեր կուսակցության բոլոր անդամներին, բայց մեր հասարակությունը, մեր ժողովուրդը չի ցանկանում, որ նա շարունակի լինել վարչապետ։ Մարդիկ ցանկանում են նոր առաջնորդություն։ Նրանք ուզում են տնտեսության վրա հիմնված առաջնորդություն, որը կլուծի երկարաժամկետ խաղաղության հարցը։ Նոր ղեկավարությունը պետք է կարողանա ապահովել խաղաղություն մեր տարածաշրջանում, բերել բարգավաճում, ստեղծել նոր հարաբերություններ նոր երկրների հետ, և սա է մեր հիմնական նպատակը։ Մեր հասարակությունը պատրաստ է դրան, սպասում է դրան։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս առաջնորդը կանգնած է ընտրության առաջ։ Կամ նա կգնա լիակատար ավտոկրատիայի ճանապարհով, որը, չեմ կարող ասել ինչպես, բայց չի կարող երկար շարունակվել՝ առանց հասարակության և ժողովրդի աջակցության։ Այդ դեպքում նա չի կարող լինել երկարաժամկետ առաջնորդ մեր երկրում։ Կամ նա թույլ կտա, որ մենք մասնակցենք ընտրություններին, ինքը ևս կմասնակցի ընտրություններին, և տեղի կունենա իշխանության փոփոխություն։
Մարիո․ …իշխանության խաղաղ փոխանցում։
Նարեկ․ Այո, որովհետև դա ինստիտուցիոնալ գործընթաց է։ Մեզ անհրաժեշտ են այդ ինստիտուտները բարեկեցիկ պետություն լինելու համար։
Մարիո․ Ձեր կարծիքով՝ ո՞ր ճանապարհը կընտրի։
Նարեկ․ Հուսով եմ՝ երկրորդը։
Մարիո․ Իսկ իրականում ո՞րը կընտրի։
Նարեկ․ Կարծում եմ՝ սկզբում կփորձի առաջինը, բայց վերջում կհասկանա և կանցնի երկրորդին։
Մարիո․ Ես նաև կարդում եմ որոշ մարդկանց մասին՝ օրինակ Դավիթ Համբարձումյանը, ով թեկնածու է և բանտում է, Սեյրան Օհանյանը, Արծվիկը և Արթուրը նույնպես մեղադրվում են՝ ըստ շատերի՝ քաղաքական պատճառներով։
Նարեկ․ Որպեսզի պատկերացնեք՝ չորս արքեպիսկոպոսներ եղել են բանտում։
Մարիո․ Արքեպիսկոպոսների՞ն է բանտարկել։
Նարեկ․ Չորս արքեպիսկոպոս բանտում էին։ Հայաստանում, տեսեք, այսպիսի իրավիճակ է։ Պատկերացրեք՝ Ձեր երկրում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները ութ տարվա ընթացքում հնգապատկվել են։ Մեր երկրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունները հինգ անգամ աճել են։ Ի՞նչ պետք է անել։ Եթե դուք ոստիկանություն ունեք, ինչպե՞ս կվարվեիք։ Ի՞նչ կանեիք։ Կուղարկեիք ոստիկանությանը թմրամիջոցների հետ կապված խնդիրները քննե՞լու։ Այո՛, դա լավ գաղափար է։ Գիտե՞ք նա ինչ արեց։ Նա ոստիկաններին ուղարկեց եկեղեցի։ Ոստիկանները գնացին եկեղեցի։
Մարիո․ Այսինքն՝ թմրանյութերի խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն նա կենտրոնանում է իշխանությունը կենտրոնացնելու վրա։
Նարեկ․ Այո։ Նրա կառավարման ընթացքում թմրանյութերի խնդիրը հինգ անգամ աճել է, իսկ նա պայքարում է քահանաների դեմ։ Քահանաները, ովքեր շատ համեստ, խոնարհ մարդիկ են։ Երբ նրանց հետ խոսում ես, կարծես նրանք աշխարհի ամենաբարի մարդկանցից են։ Եվ ես չեմ հասկանում, թե ինչու է նա ընտրել այս ճանապարհը։
Մարիո․ Անկեղծ ասած, սա ինձ անհանգստացնում է՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ես այս երկրում եմ, տեսնելով, թե որքան ագրեսիվ է նա։ Այո՛։ Դա իսկապես մտահոգիչ է։ Հաշվի առնելով, թե որքան կարևոր է Հայաստանը համաշխարհային խաղաղության համար, Հարավային Կովկասի համար, ինչ մեծ դեր ունի այն՝ կապելով Հարավը, Արևելքը, Արևմուտքը և Հյուսիսը, կարելի է ասել՝ ամբողջ աշխարհը այդ մեծ միջանցքի միջոցով, և նաև որքան կարևոր է այն որպես այլընտրանք, եթե Իրանը շարունակի ապակայունացվել։ Սրան ավելացնենք նաև ձեր դառը պատմությունը, այն ամենը, ինչ պատմականորեն վերապրել է Հայաստանը, և այն, թե որքան հրաշալի ժողովուրդ եք դուք։ Այն փաստը, որ թեև երկրում աղքատության մակարդակը բավական բարձր է, դուք աշխարհի ամենախաղաղ 10 երկրների շարքում եք։ Երբ շփվում եմ ձեզ հետ… ես երբեք չեմ հանդիպել վարչապետին, կուզենայի նստել ու խոսել նրա հետ։ Թվում է՝ բավական խենթ մարդ է, և ես հաճույքով կուզենայի նրա հետ զրույց ունենալ։ Բայց ձեզ հետ խոսելով՝ տեսնում եմ, որ դուք շատ պրագմատիկ մարդիկ եք, շատ անմիջական։ Իսկ ձեր հորեղբայրը, թվում է, էլ ավելի անմիջական մարդ է։ Ես նույնիսկ լսել եմ պատմություններ նրա արած կատակների մասին և այլն։ Կարծում եմ՝ նրա փաստաբանն ինձ ասաց, որ սովորաբար փաստաբանը պետք է լինի այն մարդը, որը հանգստացնում է իր վստահորդին, բայց այստեղ կարծես հակառակն էր․ փաստաբանն էր զայրացած՝ «Ի՞նչ է կատարվում, ի՞նչ է լինելու, ի՞նչ ենք անելու», իսկ ձեր հորեղբայրը այն մարդն էր, ով ասում էր՝ «Մի՛ անհանգստացիր, ամեն ինչ լավ է լինելու»։ Այսինքն՝ նա պարզապես այդպիսի մարդ է, և ում իսկապես շատ հաճելի կլիներ հանդիպել։
Նարեկ․ Այո, իրոք, շատ լավատես է։
Մարիո․ Որպես արտաքին դիտորդ՝ որպես մարդ, որը հետևում է իրավիճակին, ես իսկապես հույս ունեմ Հայաստանի համար լավագույնի վրա։ Ես հավատում եմ ժողովրդավարությանը և իրապես հուսով եմ, որ այն կգերակայի ձեր երկրում, և մարդիկ կկարողանան ընտրել այն, ինչ ուզում են։ Նարեկ, ես իսկապես շատ հաճույք ստացա այս զրույցից։ Ձեր հյուրընկալությունը իմ այցելության ընթացքում բացառիկ էր, և շատ հաճելի էր ավելի լավ ճանաչել ձեր երկիրը։ Հուսով եմ՝ հաջորդ անգամ, երբ հանդիպենք, դա կլինի ավելի բարենպաստ պայմաններում։ Գուցե նստենք միասին՝ ես, Դուք և վարչապետը։
Նարեկ․ Հաջորդ անգամ կխոսենք Հայաստանում ԱՄՆ ներդրումների մասին։
Մարիո․ Դա շատ ավելի լավ կլինի։
Նարեկ․ Եվ կարծում եմ, որ մեր ընկերները՝ ինչպես ձեր, այնպես էլ մեր, կդառնան այդ ներդրումների մի մասը մեր երկրում, որովհետև Հայաստանը կդառնա բիզնեսի և հնարավորությունների երկիր։
Մարիո․ Հարավային Կովկասի Սինգապուրը կամ Դուբայը։
Նարեկ․ Այո, այո։
Մարիո․ Դա ունի այդ ներուժը։ Դուբայը իրեն դիրքավորեց, Սինգապուրը՝ ավելի վաղ, որպես մի վայր, որտեղ ռուսները, ուկրաինացիները, ամերիկացիները, չինացիները՝ բոլորը գալիս են մեկ տեղ, մի տեսակ մշակույթների խառնարան։ Եվ հենց սա է այն, ինչ դուք կցանկանայիք, որ Հայաստանը դառնա։ Դա իսկապես գեղեցիկ կլինի տեսնել։ Նարեկ, մեծ հաճույք էր։ Շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար։
Նարեկ․ Շնորհակալություն, Մարիո։ Շատ շնորհակալ եմ ինձ նման հնարավորություն տալու համար։
Մարիո․ Նարեկ, մենք հենց նոր ավարտեցինք հարցազրույցը, և ձեր փաստաբանը մի բան ասաց, որը ինձ համար շատ ապշեցուցիչ էր, մինչդեռ դուք կարծես արդեն սովոր եք դրան։ Կարծում եմ՝ արժե դա ասել տեսախցիկի առաջ։ Թույլ տուր կրկնեմ նրա ասածը․ ես կատակով ասացի՝ «հուսով եմ՝ ձեզ չեն ձերբակալի», քանի որ դուք շատ բարի մարդիկ եք։ Իսկ ձեր փաստաբանը պատասխանեց՝ «ոչ, Նարեկին, հավանաբար, մեկ ամսվա ընթացքում կձերբակալեն»։ Ես հարցրեցի՝ «ինչպե՞ս կարող եք դա իմանալ»։ Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է դա նշանակում։
Նարեկ․ Մեր երկրում սովորաբար այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում։ Հարցումները ցույց են տալիս, նրանք տեսնում են, որ մեր կուսակցությունը հաղթելու է ընտրություններում։ Այդ պատճառով մենք տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են ձերբակալել մեր կուսակցության որոշ անդամների՝ մեզ թույլ չտալու համար մասնակցել ազատ ընտրություններին և նախընտրական գործընթացներին։
Մարիո․ Ներառյալ Ձե՞զ։
Նարեկ․ Այո, ներառյալ ինձ։
Մարիո․ Դուք կուսակցության առաջնո՞րդն եք։
Նարեկ․ Կուսակցության առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Ես կուսակցության անդամներից մեկն եմ և ղեկավար կազմի ներկայացուցիչ։
Մարիո․ Այսինքն՝ առավել ակտիվներից մեկն եք, հատկապես հիմա, երբ նա տնային կալանքի տակ է։
Նարեկ. Այո, այո, այո։
Մարիո․ Բայց ի՞նչ մեղադրանքներով կարող են Ձեզ ձերբակալել։ Երբ դուք ասում եք, որ Ձեզ կարող են ձերբակալել, ի՞նչ մեղադրանքով նրանք դա կարող են անել։
Նարեկ․ Գիտեք, մեղադրանքներն այնքան էլ կարևոր չեն, որովհետև, ինչպես տեսանք, մարդկանց տանում են բանտ, այսինքն՝ գործընթացը երեք-չորս ամիս շարունակվում է, հետո ասում են, որ որևէ մեղադրանք չկա։ Բայց դու արդեն բանտում ես։ Այսինքն՝ նրանք քեզ հեռացնում են քո գործերից, քո առաքելությունից, քո տնից, քո ընտանիքից, բայց դրա համար ոչ ոք որևէ պատասխանատվություն չի կրում։
Նարեկ․ Սովորաբար մարդկանց ձերբակալում են, և 4–5 ամիս անց ասում, որ որևէ մեղադրանք չկա։
Մարիո․ Այսպիսով, իրավական համակարգը թույլ է տալիս ինչ-որ մեկին բանտարկել որոշակի ժամկետով՝ առանց մեղադրանք առաջադրելու:
Նարեկ․ Այո, սկզբում մեղադրանք ներկայացվում է, հետո այն հանվում է։ Այո։
Մարիո․ Այսինքն՝ դա նրանց ռազմավարությունն է։ Եվ դուք կարծում եք, որ դա կարող է տեղի ունենալ ընտրություններից առաջ։
Նարեկ․ Այո, կարծում ենք, որ հենց այդպես էլ կլինի։
Մարիո․ Ո՞րն է ձեր լուծումը, եթե դա տեղի ունենա:
Նարեկ․ Մենք պատրաստ ենք դրան։
Մարիո․ Այսինքն՝ դուք ունեք թիմում բավարար քանակի անդամներ և ինչ-որ մեկը կփոխարինի։
Նարեկ․ նրանք չեն կարող մեր ամբողջ հասարակությանը, մեր հասարակության մեծ մասին բանտարկել: Մեր ժողովրդի մեծ մասը դեմ է վարչապետի քաղաքականությանը։
Մարիո․ Իսկ ընտրությունները Հայաստանում ազատ ու արդա՞ր են։ Չե՞ք անհանգստանում ընտրությունների միջամտությունից։
Նարեկ․ Ընտրությունները ազատ են, ընտրությունները Հայաստանում ազատ են։
Մարիո․ Այսպիսով, ոչ մի անհանգստություն ընտրությունների միջամտության հետ կապված, ինչպես տեսնում ենք այլ տեղերում:
Նարեկ․ Ոչ, ոչ, ոչ: Մենք կարող ենք ունենալ նախընտրական ճնշումներ, ընդդիմադիր տեղական շատ առաջնորդներ կարող են բանտարկվել, բայց ընտրական շրջանը արդար է, արդար է եղել մինչև այս։
Մարիո․ Ի՞նչ կլինի հետո… Այսինքն՝ եթե դուք իշխանության գաք, եթե ձեր հորեղբայրը դառնա վարչապետ, ի՞նչ կլինի այդ դեպքում։ Որքա՞ն լավ եք ճանաչում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Որքա՞ն լավ եք նրան ճանաչում։ Կա՞… Ես միշտ մի քիչ միամիտ մարդ եմ, որը ցանկանում է, որ մարդիկ հանդիպեն և ամեն ինչի համար ինչ-որ դիվանագիտական լուծում գտնեն։ Հիշում եմ՝ նույն բանն էի ասում նաև Պակիստանի դեպքում․ ասում էի՝ պարզապես հանդիպեք, գտեք ինչ-որ համաձայնություն, որը գուցե կատարյալ չլինի։Դուք երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ եք ինչ-որ գործարք կամ պայմանավորվածություն, և եթե դուք իշխանության գաք, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի իրավիճակը։
Նարեկ․ Իրական քաղաքական գործչի ուժը նրանում է, որ նա կարողանա տեսնել իր անձնական շահերից վեր։
Մարիո․ Նկատի ունեք՝ վեր լինել վրեժխնդրությունից:
Նարեկ․ Այո:
Մարիո․ Լավ։
Նարեկ․ Եթե դուք ցանկանում եք ունենալ երկիր, պետություն, որն ունի ինստիտուցիոնալ հիմք, ոչ թե ձեր կամքը, իմ կամքը, որ ոչ թե յուրաքանչյուր պետական առաջնորդ բանտարկվի ապագայում, դուք պետք է չանեք այն, ինչ նա է արել:
Մարիո․ Այսինքն՝ դուք ասում եք, որ այն իրավական ամենաթողությունը, որին դուք բախվում եք, մի բան է, որը դուք չեք անի, երբ իշխանության գաք:
Նարեկ․ Մենք դա չենք անի։ Սա է իրական քաղաքական գործչի ուժը՝ դա չանել, ստեղծել իրական, երկարաժամկետ, կայուն ժողովրդավարական երկիր՝ այնպիսի ինստիտուտներով, որոնք գործում են անկախ ղեկավարների փոփոխությունից, և ինստիտուտներ, որոնք աշխատում են՝ անկախ նրանից, թե ով է կառավարիչը կամ ով է վարչապետը։
Մարիո: Համակարգը վեր է անձից:
Նարեկ: Այո:
Մարիո: Այո, ինչպես նաև դա ձեր արժեհամակրգի մի մասն է, որպես քրիստոնյա:
Նարեկ: Այո, մենք կարծում ենք, որ եթե դուք անում եք սա, դուք բացում եք մի դուռ, որտեղ վերջ չկա, գիտեք այդպես, ամեն անգամ, ամեն հաջորդ առաջնորդ կբանտարկի նախորդ առաջնորդին:
Մարիո: Այո՛։ Այդպես դա դառնում է սովորական երևույթ, երբ քաղաքական նպատակներով իրավական հետապնդումը դառնում է երկրի քաղաքական մշակույթի մի մաս, իսկ դա էլ իր հերթին տանում է դեպի ավտոկրատիա՝ ժողովրդավարությունը պահպանելու փոխարեն։
Նարեկ: Եվ մեզ համար շատ կարևոր է սահմանել Հայաստանում երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում։
Մարիո: Ո՞րքան է վարչապետի պաշտոնավարման ժամկետը ներկայում:
Նարեկ: Կարծես թե նա կարող է լինել վարչապետ մինչև իր կյանքի վերջը:
Մարիո: ժամկետի սահմանափակում չկա՞:
Նարեկ: Ոչ, ժամկետի սահմանափակում չկա:
Մարիո: Ինչպես ԱՄՆ-ում՝ կարելի է պաշտոնավարել միայն երկու ժամկետ։ Ամեն ժամկետը քանի՞ տարի է։ Չորս տարի՞
Նարեկ: Հինգ տարի:
Մարիո: Հինգ տարի:
Նարեկ: Այո՛, և այստեղ սա մեծ խնդիր է։ Մենք պետք է սահմանենք երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում, որովհետև ժողովրդավարության, կայուն ժողովրդավարական պետության համար դա անհրաժեշտ է։ Մեզ պետք է հենց երկու ժամկետի սահմանափակում։
Մարիո: Ես լիովին համաձայն եմ։ Ես կիսում եմ ձեր արժեքները 100%-ով։ Դուք բառացիորեն խոսում եք այն բաների մասին, որոնց մասին ես մշտապես հրապարակայնորեն խոսում եմ։ Ես հավատում եմ ժողովրդավարությանը, հավատում եմ պաշտոնավարման ժամկետների սահմանափակմանը, և հավատում եմ համակարգերին՝ մարդկանցից վեր։ Նույնիսկ եթե առաջնորդը շատ լավն է, ես միշտ ասել եմ՝ լավ է, բայց ի՞նչ է լինում, երբ առաջնորդը կոռումպացվում է։ Գիտեք՝ երբ առաջնորդը կամ ապականվում է․ գիտեք՝ իշխանությունը ապականում է, իսկ բացարձակ իշխանությունը՝ բացարձակապես։
Նարեկ․ Այո։
Մարիո: Կամ էլ առաջնորդին փոխարինում է մեկ ուրիշը։ Գիտեք, Մարկոս Ավրելիոսը մեծ առաջնորդ էր, բայց նրա որդին սարսափելի, դաժան ղեկավար դարձավ, որը կործանեց կայսրությունը։ Եվ հենց սա է ավտոկրատիայի խնդիրը։ Երբ կան համակարգեր, գործում են զսպումների և հակակշիռների մեխանիզմներ, որպեսզի ոչ մի մարդ՝ իր մարդկային անկատարություններով հանդերձ, ամբողջ իշխանությունը չկենտրոնացնի իր ձեռքում։ Այդ պատճառով ես կիսում եմ ձեր արժեքները, լիովին կիսում եմ ձեր արժեքները։
Նարեկ: Եվ ինչպես դուք ասացիք, հռոմեական մեծագույն կայսրերը՝ օրինակ Մարկոս Ավրելիոսից առաջ, ինչպես Տիբերիոսը և մյուսները, իրենց հաջորդներին չէին փոխանցում իշխանությունը ընտանիքի ներսում․ նրանք ընտրում էին նոր մարդկանց՝ Սենատի լավագույն ներկայացուցիչներից։ Պատմությունն այդ շրջանը հիշում է որպես չորս փայլուն կայսրերի ժամանակաշրջան։ Իսկ այդ շրջանն ավարտվեց Մարկոս Ավրելիոսով, որովհետև գահը ժառանգեց նրա որդին։
Մանրամասները՝ տեսանյութում․(Գ)





























