Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամեն ինչ կարծես Իոսիֆ Ստալինի ժամանակներից լինի»․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին

 

Մարիո։ Այսպիսով, մենք հենց նոր խոսեցինք Հայաստանի պատմության մասին, և կարծում եմ՝ այդ պատմությունը շատ կարևոր է համատեքստը հասկանալու համար, որովհետև այն մինչև այսօր ազդեցություն ունի՝ բացատրելու, թե ինչու է Թուրքիան աջակցում Ադրբեջանին, ինչպիսին են ձեր հարաբերությունները Թուրքիայի՝ ձեր հարևանի հետ, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Այս ամենում պատմական համատեքստը կարևոր դեր է խաղում, նույնիսկ Իսրայելի ներգրավվածությունն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Մենք նաև խոսեցինք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչը շատ կարևոր է, և դրանից առաջ քննարկեցինք Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի՝ Ադրբեջանի և Վրաստանի հետ միասին, ռազմավարական ու աշխարհաքաղաքական նշանակությունը՝ որպես Արևելքն ու Արևմուտքը, նաև Հարավը կապող միջանցք։

Եվ վերջապես խոսեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի մասին։ Այժմ, այդ պատերազմը հանգեցրեց խաղաղության համաձայնագրի, և այդ գործընթացում ներգրավված էր Թրամփը՝ որպես միջնորդ։ Ինչո՞ւ։ Եվ ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Ի՞նչ տնտեսական կամ քաղաքական շահ ուներ Միացյալ Նահանգները այդ գործընթացում։

 

Նարեկ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո, երբ բոլոր հայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը, և նրանք…

 

Մարիո Քանի՞սն էին նրանք։

 

Նարեկ 150,000 մարդ։ Եվ հիմա բոլորը Հայաստանում են՝ առանց տների․ նրանք չունեն բնակարան, չունեն աշխատանք այստեղ։

 

Մարիո Եվ Ադրբեջանը թույլ չի՞ տալիս նրանց վերադառնալ։

 

Նարեկ Գիտեք, կային ընդամենը 10 հայ, որոնք մնացել էին Ադրբեջանում։ Նրանք որոշել էին մնալ այնտեղ։ Բայց երկու-երեք տարի անց բոլորը վերադարձան, որովհետև չէին կարող այնտեղ ապրել։ Սա դասական էթնիկ զտում է։

 

Մարիո Դուք ասացիք 10 հազա՞ր։

 

Նարեկ 10 մարդ՝ ընդամենը 150,000-ից։

 

Մարիո Ոչ՜…

 

Նարեկ Ընդամենը 10 մարդ է մնացել այնտեղ:

 

Մարիո Չի կարող պատահել․․․10 մա՞րդ։

 

Նարեկ Այո, ընդամենը 10 մարդ էր մնացել այնտեղ, և 10-ն էլ վերադարձան։

 

Մարիո 10 մարդ 100 հազարավորի՞ց:

 

Նարեկ Այո։

 

Մարիո Եթե ուզում եք էթնիկ զտման սահմանումը, ահա՝ սա է։

 

Նարեկ Սա 21-րդ դարում է տեղի ունենում։

 

Մարիո Սա խելահեղ է:

 

Նարեկ Այո։

 

Մարիո Աշխարհը բավականաչափ չի խոսում այս մասին։

 

Նարեկ։ Եվ նրանք հիմա այստեղ են՝ շատ կրթված մարդիկ են, կարգապահ են։ Եվ, գիտեք, հանցագործության մակարդակը շատ ցածր է։

 

Նարեկ Այո, Հայաստանը շատ խաղաղ երկիր է։

 

Մարիո Այո, աշխարհում ամենացածր հանցագործության մակարդակներից մեկն ունի։

 

Մարիո Բայց սա նման է Գազայի էթնիկ զտմանը՝ առանց զանգվածային ռմբակոծությունների։ Այսինքն՝ Գազայում բոլորը մտահոգված են, ես նույնպես, որ Իսրայելը ցանկանում է բոլոր պաղեստինցիներին դուրս բերել և բռնակցել այդ տարածքը։ Ես նույնպես դրա համար անհանգստանում եմ։ Նման բան բառացիորեն տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։

 

Նարեկ Այո, այո։ Նրանք այստեղ են, մենք կարող ենք նրանցից հազարավորների հանդիպել։

 

Մարիո Դա խելահեղ է:

 

Նարեկ Այո։ Եվ, գիտեք, նրանց համար շատ դժվար է նոր կյանք սկսել։ Նրանք կորցրել են ամեն ինչ…

 

Մարիո Իսկ տները ի՞նչ են լինում։ Պարզապես կորու՞մ են։

 

Նարեկ Այո, այլևս չկան։

 

Մարիո Եվ վե՞րջ։

 

Նարեկ Այո։ Եվ, գիտեք, դա աղքատ տարածաշրջան չէր։ Դա բարգավաճ տարածաշրջան էր՝ Հարավային Կովկասի ամենաբարգավաճներից մեկը։ Այս մարդիկ բարձրակիրթ մարդիկ էին, և հիմա այստեղ են՝ սկսելով իրենց կյանքը զրոյից՝ առանց ոչնչի։

 

Մարիո Նրանք համագոյակցե՞լ են ադրբեջանցիների հետ այդ տարածաշրջանում, թե՞ ոչ։

 

Նարեկ Այդ 10 մարդը փորձել են։ Այո։

 

Մարիո Այսինքն՝ Թրամփը եկավ և միջնորդեց այդ խաղաղության պայմանագիրը, որը Հայաստանի համար լավագույն գործարքը չէ։ Ի՞նչ էր ասվում դրա մեջ։ Դա այդ միջանցքի մասի՞ն է հարավում։

 

Նարեկ Այո, TRIPP-ը միջանցք չէ, այն ճանապարհ է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ճանապարհ։ Ադրբեջանը ցանկանում էր, որ այն դառնա «միջանցք», այսինքն՝ տարածք, որը դուրս կլինի Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունից։ Շատ անգամներ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք ուժով կվերցնեն այդ ճանապարհի վերահսկողությունը։

 

Մարիո Դա ճանապարհ է, որը Լեռնային Ղարաբաղում չէ։

 

Նարեկ Ոչ, ոչ, ոչ, դա հայկական տարածք է։ Նույնիսկ իրենք են ասում, որ դա հայկական տարածք է, բայց մենք կվերցնենք վերահսկողությունը դրա հանդեպ։

 

Եվ որովհետև այն տնտեսապես կարևոր է Ադրբեջանի համար:

 

Նարեկ Իրենք պարզապես հավանում են դա, գիտեք:

Մարիո «Որովհետև հավանում են»։ Լավ, ինչպե՞ս Թրամփը լուծեց դա։

Նարեկ Թրամփը սկսեց բանակցություններ, և իրավիճակը բերեց ավելի լավ պայմանների, քան նախկին բանակցային փուլերում էր։ Կարելի է ասել, որ սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար։ Բայց մեզ անհրաժեշտ են երաշխիքներ՝ ավելի շատ երաշխիքներ խաղաղության համար։ Նա կարողացավ հասնել նրան, որ Ադրբեջանը չկիրառի ուժ այդ ճանապարհի հարցում։ Եվ ամրագրված է, որ դա Հայաստանի տարածք է։ Այսինքն՝ դա լավ է Հայաստանի համար, լավ է նաև տարածաշրջանի համար։ Նրանք կարող են օգտագործել այդ ճանապարհը, բայց դա տնտեսական նախագիծ է։ Սա կարող է բերել խաղաղություն, բայց կրկին՝ մեզ անհրաժեշտ են երաշխիքներ։ Որովհետև, օրինակ, 10 տարի անց կարող ենք կրկին բախվել նոր խնդիրների ադրբեջանական կողմից, երբ նրանք ասեն, որ ուզում են նաև այլ տարածք։

 

Մարիո Այո, այսինքն՝ ձեզ պետք են անվտանգության երաշխիքներ, որպեսզի համոզված լինեք, որ այս ագրեսիան կդադարի։ Ես նայում եմ Լեռնային Ղարաբաղի նկարներին։

 

Նարեկ Այո։

 

Մարիո Այն մեծ շրջան է։

 

Նարեկ Այո։

 

Մարիո Լավ, այսինքն՝ ըստ էության հիմա ԱՄՆ-ն շահեր ունի այդ ճանապարհի, այդ տարածաշրջանի, այդ միջանցքի նկատմամբ, և հենց այդ շահերի պատճառով դուք ստանում եք երաշխիքներ, որ ԱՄՆ-ն կհամոզվի, որպեսզի Ադրբեջանը չխախտի այդ պայմանավորվածությունը։ Եվ հիմա դուք նաև Ադրբեջանի հետ ունեք մի համաձայնություն, որի համաձայն Ադրբեջանն էլ կարող է օգտվել այդ ճանապարհից։ Կա մի գործարք, որով բոլոր կողմերը գոնե որոշ չափով բավարարված են։

 

Նարեկ Դա Չինաստանից դեպի Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհներից մեկն է։ Եվ այդպիսով,  տարածաշրջանում խաղաղության պայմաններում…

 

Մարիո …Այն չի ներառում Իրանը:

 

Նարեկ Այն չի ներառում Իրանը։ Այն անցնում է Կենտրոնական Ասիայով դեպի Կասպից ծով և այստեղ։ Դա կլինի ավելի կարճ և ավելի ապահով ճանապարհ, և հենց դրա համար էլ ԱՄՆ-ի համար կարևոր է ունենալ այլընտրանքային լոգիստիկ ուղի։ Քանի որ այս տարածաշրջանային պատերազմներից հետո բոլոր լոգիստիկ շղթաները խնդիրների առաջ կարող են կանգնել։

 

Մարիո Փոքր-ինչ թվում է՝ սա մի քիչ նախապես պլանավորված էր. եկեք կառուցենք այդ միջանցքը, եկեք պայմանավորվածություն ունենանք այդ միջանցքի շուրջ, որովհետև գիտենք, որ ի վերջո պատերազմ ենք ունենալու Իրանի հետ։ Գիտեմ՝ կան մարդիկ, վստահ եմ, խոսում են դրա մասին, որովհետև հեգնանքն այն է, որ մենք ապահովեցինք այդ միջանցքը՝ որպես Իրանի այլընտրանք, իսկ հետո գնացինք ու հիմա կռվում ենք Իրանի դեմ, և այդ միջանցքն այժմ դարձել է ռազմավարական առումով ավելի կարևոր։

 

Նարեկ Կարծում եմ՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ… որպես Հայաստանի քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ես ամբողջությամբ չեմ կարող դա այսպես ասել, բայց այդ եզրակացությունը բավական մոտ է իրականությանը։

 

Մարիո Ես դա ձեր փոխարեն ասացի։ Այո, շնորհակալություն։ Հիմա, երբ խոսեցիք քաղաքական կուսակցության առաջնորդ լինելու մասին, Հայաստանում մեկ այլ պատմություն էլ է զարգանում։ Այո՛։ Սա մի բան է, որ ես լուսաբանել եմ երկար տարիներ։ Եվ հիմա ես մեծ հավատացյալ եմ ժողովրդավարությանը։ Մեծ հավատացյալ եմ ազատությանը և խոսքի ազատությանը։ Եվ ես քննադատաբար եմ վերաբերվում իշխանության կենտրոնացմանը, հատկապես երբ դա սկսում է տանել գրաքննության։ Մենք դա տեսանք Եվրոպայում, և ես շատ բացահայտ եմ խոսել այն մասին, թե ինչպես է Եվրոպական միությունը կենտրոնացնում մեծ իշխանություն, և դրա մասին շատ բարձրաձայն եմ արտահայտվել, ի թիվս այլոց, գիտեք։ Ջեյ Դի Վենսը դրա մասին ելույթ է ունեցել, Իլոնը շատ բացահայտ է խոսում դրա մասին։ Ես հարցազրույց եմ վերցրել տերբեր մարդկանցից, գիտեք, օրինակ՝ Ալիս Վայդելը Գերմանիայից, Օրբանը և մյուսները, նույնպես քննադատում են դա։ Ֆիցոն, վարչապետ Ֆիցոն։ Ես այս ամենը նաև լուսաբանել եմ Բրազիլիայում, որտեղ դա հասել է մեկ այլ մակարդակի, և հիմա արդեն խոսքը  իրավական մեխանիզմների քաղաքական օգտագործման մասին է։ Ես դա լուսաբանել եմ ԱՄՆ-ում Թրամփի դեպքում։ Բրազիլիայում Բոլսոնարոն՝ նախկին նախագահը, բանտում է, և գործող նախագահը, ինչպես նաև Գերագույն դատարանի դատավորը, կենտրոնացրել են իշխանությունը, գրաքննել բազմաթիվ ընդդիմախոսների, և սա մի բան է, որ ես նույնպես շատ խիստ քննադատել եմ։ Պակիստանն էլ է լրիվ այլ մակարդակի վրա, Ամրան Խանը։ Ես նրան հրավիրել եմ իմ հաղորդմանը, նրա ընտանիքին, նրա երեխաներին, և ինքն էլ է բանտում։ Եվ դրսից, նայելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, ես վախենում եմ, որ օգտագործվում է նույն սցենարը, և դա ինձ անհանգստացնում է։ Այն, ինչ ես տեսել եմ, այն է, որ ձեր հորեղբայրը, որը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, գուցե ամենահարուստը, մի մարդ, որին ժողովուրդը սիրում է՝ ես տեսել եմ մարդկանց բողոքի տեսանյութերը, երբ նրան ձերբակալում էին, նա հայտարարություն արեց, և ես հիմա կկարդամ այդ հայտարարությունը, իսկ հետո ձեզ հնարավորություն կտամ այն ավելի մանրամասն բացատրելու։ Նա հայտարարություն արեց այստեղ՝ Հայաստանում, եկեղեցուն աջակցելու մասին։ Այո՛։ Որովհետև կա որոշակի պայքար կամ տարաձայնություն եկեղեցու, որը քաղաքականության հետ առնչություն չպետք է ունենա, և ներկայիս վարչապետի ու նրա կուսակցության միջև։ Եվ այդ իշխանական պայքարի մեջ ձեր հորեղբայրը, որն այժմ տնային կալանքի տակ է, եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարեց. «Մի փոքր խումբ, մոռանալով հայ ժողովրդի պատմությունն ու Հայ եկեղեցու հազարամյակների ժառանգությունը, հարձակում է սկսել մեր եկեղեցու և մեր ազգի դեմ։ Որպես մարդ, որը միշտ կանգնել է Հայ եկեղեցու և ժողովրդի կողքին, ես անմիջականորեն ներգրավված կլինեմ։ Եթե քաղաքական գործիչները ձախողվեն, մենք մեր ձևով կմասնակցենք»։ Եվ այդ հայտարարությունը լայնորեն օգտագործվել է ձեր հորեղբոր դեմ, նա կալանավորվել է շուրջ կես տարով։ Կարծում եմ՝ այժմ էլ կրկին կալանքի տակ է, ինչպես նաև ձեր կուսակցության որոշ անդամներ։ Եվ ես ուզում եմ սա ավելի լավ հասկանալ։ Ուրեմն թույլ տվեք մի քանի քայլ հետ գնալ և հասկանալ՝ ինչի՞ մասին է այդ իշխանական պայքարը, ի՞նչ է կատարվում կառավարության և եկեղեցու միջև, և ինչո՞ւ։ Որովհետև Հայ եկեղեցին ոչ միայն պատմականորեն ահռելի կարևորություն ունի երկրի համար, այլև ժողովրդի կողմից շատ սիրված է։ Ուրեմն ի՞նչ է կատարվում։ Ինչո՞ւ։

 

Նարեկ․ Հայաստանում եկեղեցին մեր ինքնության հիմնական հիմքերից մեկն է, որովհետև հենց քրիստոնեական ավանդույթն է օգնել մեզ պահպանել մեր հայ լինելը։ Այսօր մեր բնակչության մոտ 93%-ը Հայ Առաքելական Եկեղեցու անդամ է։ Անցյալ տարվա առաջին եռամսյակից սկսած՝ մեր վարչապետը (որը վերջին 30 տարիների ընթացքում մեր երկրի չորրորդ առաջնորդն է) սկսել է մի գործընթաց, որը նպատակ ունի վերահսկողություն հաստատել եկեղեցու նկատմամբ։ Եվ, ինչպես արդեն նշել եմ, մենք ունենք ժողովրդավարական ավանդույթ։ Նա սկսել է հրապարակայնորեն վիրավորել Հայ եկեղեցու առաջնորդին՝ մի եկեղեցու, որն ունի երկրի բնակչության 93%-ի աջակցությունը, ինչպես նաև բազմաթիվ արքեպիսկոպոսների և քահանաների։

 

Մարիո Վիրավորել ինչպե՞ս։ Ես որոշ մեջբերումներ տեսել եմ։ Էդ շատ ծայրահեղ է հնչում։ Կարդացածս որոշ բաներ հիմա կարդամ, իսկ դուք ասեք՝ ճի՞շտ են, թե՞ ոչ։ Դրանցից մեկում նա ասում է՝ (համատեքստը չգիտեմ). «Պետությունն ու կառավարությունը ձեր բերանում համտեսեք։ Պետության համը ձեր բերանում կմնա»։

 

Նարեկ։ Այո՛։

 

Նա նաև ասել է, որ իր սեռական օրգանը ցույց կտա եկեղեցու առաջնորդին։ Ես սա չեմ հորինում։ Նա մի եպիսկոպոսի ասել է. «Գնա, վերադարձիր հորդեղբորդ կնոջ հետ քնելու»։ Նա նաև հոգևորականներին մեղադրել է, թե նրանք ունեն Bentley-ներ, երեք կին, չորս սիրուհի, և յուրաքանչյուր երկրում մեկ երեխա։ Իսկ նրա կինը հոգևորականներից մեկին անվանել է, մեջբերում եմ, «երկրի գլխավոր մանկապիղծներից մեկը» և «մոլագար այլասերվածներ», որոնք, ըստ նրա, թաքնվում են այլասերումների մեջ, պահեստներում և պահարաններում։

 

Նարեկ Գիտեք, նա աշխարհի ամենահավասարակշռված մարդը չէ, դրա համար…

 

Մարիո Սա խելագարություն է:

 

Նարեկ Այո, խելագարություն է։

 

Մարիո Բայց ինչո՞ւ։ Ի՞նչ է տեղի ունենում։

 

Նարեկ Նա նույնիսկ առաջարկել է ցույց տալ իր սեռական օրգանները մեր քահանաներից մեկին։

 

Մարիո Քահանաներից մեկի՞ն։

 

Նարեկ Այո-այո, քահանաներից մեկին։

 

Մարիո Եվ նա երկրի ղեկավարն է…

 

Նարեկ Այո, նա վարչապետն է։ Եվ այս ամենից հետո մենք որևէ հստակ բացատրություն կամ հիմնավորում չլսեցինք՝ թե ինչու է նա այս ամենը անում։

 

Մարիո Ոչ ոք չկարողացավ բացատրել պատճառը։

 

Նարեկ Այո։

 

Մարիո Գիտեք, դա մի կողմից նույնիսկ ծիծաղելի է՝ ես սիրում եմ սև հումոր, բայց մյուս կողմից՝ շատ մտահոգիչ և խելքից դուրս է։ Որովհետև ո՞վ է քահանային նման բան ասում՝ ուզում եմ քեզ ցույց տալ։ Նման բան սպասելի է տեսնել կատակերգական մանրապատման մեջ, օրինակ՝ մի բան, որ Դեյվ Շապելը կասեր։

 

Նարեկ Նա դա հրապարակել է  Ֆեյսբուքում։

 

Մարիո Եվ սա երկրի ղեկավարն է։

 

Նարեկ Այսինքն՝ երեխաներն էլ կարող էին դա կարդալ։ Մոտ 20 օր դա բոլորի համար շոկ էր, բայց ոչ ոք չէր խոսում դրա մասին։

 

Մարիո Ինչո՞ւ։

 

Նարեկ Ոչ մի կառույց, ոչ մի մարմին…

 

Մարիո Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ:

Նարեկ Նրանք վախենում էին ճնշումներից։ Եվ Սամվել Կարապետյանը՝ իմ հորեղբայրը, սկսեց խոսել այս մասին։ Նա ասաց, որ դա անընդունելի է, ասաց, որ վարչապետը պետք է դադարեցնի դա։ Դուք կարդացիք այդ տեքստը, և դրանից հետո, երբ նա սա ասաց, չեմ կարող ասել՝ այդ պահին մեր վարչապետը հավասարակշռվա՞ծ վիճակում էր, թե՞ ոչ, բայց նա երեք ֆեյսբուքյան գրառում արեց՝ շատ վիրավորական գրառումներ, և հատուկ ջոկատայիններ ուղարկեց իմ հորեղբոր տուն։

Մարիո Այո, նա ասաց՝ սա է, թե ինչ ասաց Սամվելին։ Ահա մեջբերումը. Նա ասում է՝ Սամվելը ասել էր, որ մենք կմիջամտենք մեր ձևով։ Իսկ վարչապետը պատասխանել է․ «Հիմա ես իմ ձևով կմիջամտեմ, ստահակ, ստահակ… ավելի ճիշտ՝ քեզ։ Կարծում եմ՝ այն, ինչ ես կարդացի, հայհոյանք է։

Նարեկ Ոչ, ոչ, ոչ։

 

Մարիո Այդ դեպքում ի՞նչ է նշանակում։

 

Նարեկ Նա չի կարող նման բան ասել։ Ես էլ չգիտեմ՝ ինչ է նշանակում։

 

Մարիո Սա արդեն հոգեկան վիճակի հարց է։ Ես չեմ կարող հավատալ, որ սա ասում է վարչապետը։

Նարեկ Գիտեք, նա նաև ուրիշ շատ հետաքրքիր մեջբերումներ ունի։ Նա հատուկջոկատայիններ ուղարկեց մեր տուն, բայց քանի որ Սամվել Կարապետյանը ամենամեծ հայ բարերարն էր, հազարավոր ցուցարարներ եկան նրա տուն: Երբ նրանք հատուկջոկատայիններից հարցրին՝ արդյոք Սամվել Կարապետյանին ձերբակալելու հրաման ունե՞ն, հատուկջոկատայինները պատասխանեցին. «Օ՜, ոչ, կներեք, մենք նրան ձերբակալելու հրաման չունենք»: Եվ հետո, 10 ժամ անց, նրանք…

Մարիո Դա այն պա՞հն էր, երբ հազարավոր ցուցարարներ եկան և շրջափակեցին ոստիկանությանը։

 

Նարեկ Այո, այո, այո։ Եվ մոտ 10 ժամ անց նրանք ստացան համապատասխան հրամանը, իսկ դրանից ևս մոտ 10 ժամ անց ձերբակալեցին Սամվել Կարապետյանին։

 

Մարիո Այո։ Եվ նա մոտ 6 ամիս բանտում էր՝ երկրի ամենամեծ բարերարը, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա ամենահարո՞ւստն է, թե՞ ամենահարուստներից մեկը։

 

Նարեկ Նա ամենահարուստն է։

 

Մարիո Ամենահարուստը։ Այսինքն՝ երկրի ամենահարուստ մարդը։ Բայց նա շատ ընդունելի ու մարդամոտ մարդ է, մարդիկ նրան սիրում են, որովհետև թեև նա հարուստ է, երբ տեսնում ես նրան փողոցում քայլելիս, նա այդպես չի պահում իրեն, ընդհակառակը։ Եվ, գիտեք, ես հանդիպել եմ ձեզ, հանդիպել եմ նրա որդուն, և դա ձեր ընտանիքի մի մասն է։ Դուք բոլորդ այնքան հասարակ, հանգիստ ու անմիջական եք։ Եվ, ինչպես ասացի, նա երկրի ամենամեծ բարերարն է։ Չգիտեմ՝ կարո՞ղ ենք սա նշել, եթե ոչ՝ հետո կարող ենք կտրել, բայց դուք ինձ ավելի վաղ ասել էիք, որ վարչապետի տունը իրականում կառուցվել է նրա կողմից…

 

Նարեկ Այո, կարող ես ասել։

 

 

Մարիո Այսինքն՝ այն մարդը, ում վարչապետը բանտարկեց, որը, ինչպես ասում են, փորձում էր պաշտպանել եկեղեցին, իրականում կառուցել է այն տունը, որտեղ հիմա ապրում է վարչապետը, որը հենց այստեղ՝ իմ պատուհանի դիմաց է։

 

Նարեկ Այո։

 

Մարիո Դու հասկանում ե՞ս՝ սա միաժամանակ նման է կատակերգական շոուի, ֆիլմի և մռայլ դրամատիկական սերիալի։

Նարեկ Գիտեք, հիմա նա որոշել է ջազ խումբ ստեղծել և ամեն օր կենդանի երաժշտական շոու է անում։ Մեր վարչապետը ամեն օր ելույթ է ունենում, և մենք ստիպված ենք դա դիտել։ Այո, նա երկրի շատ «հետաքրքիր» ղեկավար է։

Մարիո Աստված իմ… Այսինքն՝ կա մի զվարճալի կողմ՝ ջազը, տան պատմությունը, բայց կա նաև շատ դառը կողմը, որտեղ քո հորեղբայրը 6 ամիս անցկացրել է բանտում։ Մի բանտում, որտեղ, ինձ ասացին, նույնիսկ աթոռները կպած են հատակին, մի տեսակ ԿԳԲ-ի ոճի բանտ է։

Նարեկ Դա իրականում ԿԳԲ-ի նկուղ է, որը կառուցվել է Իոսիֆ Ստալինի ժամանակ։

Մարիո Աստված իմ

Նարեկ Եվ  այնտեղ ամեն ինչ կարծես Իոսիֆ Ստալինի ժամանակներից լինի, գիտեք։ Նա գտնվում է շատ, շատ փոքր սենյակում։ Այնտեղ ջեռուցման համակարգ չկա և այլն։ Տարվա ընթացքում ընդամենը երկու ամիս է, որ այնտեղ ջեռուցումն աշխատում է։ Նրանք իրավունք չունեն կապ պահպանել ընտանիքի անդամների հետ․ իրավունք ունեն միայն ամսական մեկ անգամ կապի, կամ օրական ընդամենը 5 րոպեանոց զանգի։

Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)




Լրահոս