Հորմուզի նեղուցը բաց է միջազգային անվտանգ նավագնացության համար, սակայն այս կանոնը չի տարածվում Իրանի հետ պատերազմող երկրների վրա։ Այս դիրքորոշումը հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, նավերը կարող են անվտանգ անցնել, բայց պատերազմող պետությունները այս ցանկում չեն ներառված», – Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերել է Արաղչիի խոսքերը:
Իրանի նախարարը շնորհակալություն է հայտնել Պեկինին արտակարգ մարդասիրական օգնության համար և ընդգծել, որ Թեհրանը ձգտում է համապարփակ, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի:
Իր հերթին, Վան Ին հայտարարել է, որ Պեկինը դեմ է այլ պետությունների ինքնիշխանության խախտումներին և կոչ է անում կողմերին օգտագործել խաղաղության գործընթաց սկսելու յուրաքանչյուր հնարավորություն։
«Երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան շարունակական պատերազմը», – նշել է նա՝ հավելելով, որ Չինաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ Մերձավոր Արևելքում իրավիճակի հանդարտեցման գործում։


















































































