ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի համար ներկայացված, այսպես կոչված, 15 կետանոց «խաղաղության ծրագիրը» պաշտոնապես չի հրապարակվել, սակայն դրա որոշ մանրամասներ շրջանառվում են ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցներում։
Մասնավորապես, իսրայելական Channel 12-ը հայտնում է, որ առաջարկը ներառում է մի շարք խիստ պահանջներ Թեհրանի նկատմամբ։
Ըստ այդ տեղեկությունների՝
- Իրանի միջուկային օբյեկտները՝ Նաթանզում, Իսֆահանում և Ֆորդոյում, պետք է ապագործարկվեն և ոչնչացվեն,
- Իրանի միջուկային գործունեությունը պետք է ամբողջությամբ գտնվի International Atomic Energy Agency-ի վերահսկողության տակ,
- Իրանը պետք է հրաժարվի տարածաշրջանում իր զինված դաշնակիցներին աջակցելուց և նրանց ֆինանսավորումից,
- Պետք է ապամոնտաժվեն արդեն կուտակված միջուկային կարողությունները,
- Թեհրանը պարտավորվի երբեք չձգտել միջուկային զենքի ստեղծմանը,
- Իրանի տարածքում չպետք է իրականացվի ուրանի հարստացում, իսկ առկա հարստացված նյութերը պետք է հանձնվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը,
- Հորմուզի նեղուցը պետք է մնա բաց և համարվի «ազատ ծովային գոտի»,
- Իրանի հրթիռային ծրագիրը պետք է սահմանափակվի քանակով և հեռահարությամբ՝ բացառապես ինքնապաշտպանական նպատակներով։
Միևնույն ժամանակ, ըստ նույն աղբյուրների, ծրագիրը նախատեսում է նաև որոշ զիջումներ Իրանի համար։ Դրանց թվում են՝
- ԱՄՆ աջակցությունը Բուշեհրում քաղաքացիական միջուկային էներգետիկ ծրագրի զարգացման համար,
- Իրանի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցների վերացում,
- Պատժամիջոցների վերականգնման սպառնալիքի չեղարկում։
Բացի այդ, հաղորդվում է, որ հնարավոր է մեկամսյա հրադադար՝ բանակցությունների ընթացքում, սակայն այս տեղեկատվությունը ևս պաշտոնապես չի հաստատվել, և White House-ը դեռևս չի մեկնաբանել այդ տեղեկությունները։
Հեղինակ՝ Անի Վարդանյան





























