Վերջին երկու շաբաթից ավելի է, որ Հորմուզի նեղուցով ծովային շարժը խափանվել է. մի շարք նավեր ենթարկվել են հարձակումների, իսկ մյուսները չեն անցել, վախենալով վտանգից։ Այս իրավիճակը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ հետևանքներ է ունենում. նեղուցը հանդիսանում է մի շարք Արևելյան ծովային երկրների՝ համաշխարհային շուկաներին հասնելու գլխավոր ճանապարհը: Հարկ է նշել, որ աշխարհի նավթային հոսքերի մոտ 20%-ը և հեղուկացված բնական գազի գրեթե մեկ հինգերորդը անցնում է Հորմուզի նեղուցով, ինչը այն դարձնում է ռազմավարական նշանակության կարևոր ծովային միջանցք։
Էներգետիկ առևտրի խափանումներ
Իրանի կողմից նեղուցի փակումը ստիպել է մի շարք էներգետիկ ընկերությունների՝ ներառյալ Qatar Energy, Shell, Kuwait Petroleum Corporation և Bapco, հայտարարել «force majeure»՝ Գալֆի երկրների տարածքում, ինչը բացառիկ դեպք է տարածաշրջանի պատմության մեջ։
Իրաքում Բասրայի նավթարդյունաբերական շրջանում նավթի արտադրությունը կրճատվել է 3,3 միլիոն բարելից մինչև 900,000 բարել՝ 70%-ով, քանի որ իրաքյան նավթի մեծ մասը արտահանվում է նեղուցով։ Սաուդյան Արաբիան ստիպված է եղել փակել Ռաս Թանուրայի ամենամեծ նավթամշակման գործարանը, իսկ Միացյալ Արաբական Էմիրությունները ստիպված են եղել վերամշակել նավթը այլ մղոններով, շրջանցելով նեղուցը։
Այս խափանումների հետևանքով նավթի գինը աճել է մոտ 120 դոլարով, իսկ հեղուկացված բնական գազի շուկաներում գրանցվել են զգալի տատանումներ․ Բրիտանիայում գազի մանրածախ գները կրկնապատկվել են, Նիդեռլանդներում՝ 24%-ով, իսկ Ասիայում LNG-ի գները բարձրացել են գրեթե 39%-ով։
Միջազգային իրավունքի հնարավոր խախտում
Միջազգային նավիգացիայի իրավական ռեժիմը սահմանված է 1982 թվականի ՄԱԿ-ի Օվկիանոսների իրավունքների կոնվենցիայով (UNCLOS): Առաջին հերթին, նավերն ու օդանավերը վայելում են տրանսպորտային անցման իրավունք՝ միջազգային նավիգացիայի համար օգտագործվող նեղուցներով։ Ներկայիս իրադրությունը, երբ Իրանը սպառնում է խոչընդոտել նավիգացիան կամ հարձակումներ իրականացնել առևտրային նավերի վրա, կարող է հանդիսանալ միջազգային պարտավորությունների խախտում և անօրինական գործողություն։Միջազգային համայնքը պարտավոր է ապահովել նավիգացիայի անվտանգությունը Հորմուզի նեղուցում, քանի որ դրա խափանումը ազդում է ինչպես ներքին էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ գլոբալ շուկաների կայունության վրա։ Այս մասին հայտնում են միջազգային փորձագետները։
Հորմուզի նեղուցը միայն տարածաշրջանային խնդիր չէ․ դա գլոբալ էներգետիկ առևտրի կենսական ուղի է։ Նեղուցի փակման կամ ռազմականացման ցանկացած փորձ անմիջապես կհանգեցնի էներգետիկ մատակարարումների խափանումների և լայնածավալ տնտեսական ճգնաժամերի։ Միջազգային իրավունքը պահանջում է, որ նավիգացիան միջազգայնորեն օգտագործվող նեղուցներով մնա բաց և անվտանգ։
Անի Վարդանյան





























