Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է Թեհրանին ուղղված միակողմանի «զսպվածության» կոչերը՝ ընդգծելով, որ իրականում պատերազմը տարածաշրջանում սկսել են ԱՄՆ-ն և Իսրայելը։
Իրանական կողմի փոխանցմամբ՝ Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների անվտանգային և հումանիտար հետևանքները։
Արտգործնախարարը Գուտերեշին ներկայացրել է իրավիճակի վերջին զարգացումները՝ նշելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել ոչ ռազմական օբյեկտների՝ դպրոցների, հիվանդանոցների, մշակութային և պատմական հուշարձանների, բնակելի տարածքների ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ Իրանը շարունակելու է իր «օրինական ինքնապաշտպանությունը»՝ պաշտպանելով ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։
Արաղչին նաև հիշեցրել է ՄԱԿ-ի պատասխանատվության մասին՝ արձագանքելու միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտումներին՝ կոչ անելով հստակ և վճռական դիրքորոշում ցուցաբերել ագրեսորների նկատմամբ։
Միաժամանակ նա նշել է, որ Հորմուզի նեղուցում ստեղծված լարվածությունը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանք է՝ հավելելով, որ Իրանը, որպես առափնյա պետություն, իրավունք ունի վերահսկելու այդ ջրային ուղիներով անցնող նավերի շարժը և արդեն ձեռնարկել է համապատասխան միջոցներ։
Իր հերթին Գուտերեշը վերահաստատել է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը՝ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտության վերաբերյալ՝ մտահոգություն հայտնելով տարածաշրջանում շարունակվող պատերազմի և զոհերի աճի կապակցությամբ։
Նա նաև հայտնել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով իր ներկայացուցիչ է նշանակվել Ժան Առնոն, որի նպատակը Իրանի հետ ուղիղ կապ հաստատելն ու ճգնաժամի կարգավորման շուրջ խորհրդակցություններ վարելն է։
Իրանական կողմը նշում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ՝ օդային հարվածներ հասցնելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչը հանգեցրել է զոհերի և մեծ ավերածությունների։
Պատասխան գործողությունների շրջանակում Իրանի զինված ուժերը հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով հարվածներ են հասցրել ամերիկյան և իսրայելական դիրքերին տարածաշրջանում։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի

























































































