
Տիգրան Սարգսյանի կառավարության վիճակն այնքան է վատացել, որ այն քննադատում են,-ամփոփելով քաղաքական տարին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Նա մանրամասնեց, որ ՀՀ կառավարությանը քննադատում է օրինակ` Արժույթի միջազգային բանկը: Ա. Կարապետյանն անդրադարձավ Հայաստանի քաղաքական դաշտի վրա ազդող ամենակարևոր գործոններին` դրանցից առաջնայինը համարելով ՌԴ Պետդումայի ընտրությունները: Բանախոսի կարծիքով` Հայաստանը նույնպես շատ ավելի զգայուն է դառնալու ձախ սոցիալիստական ուղղության հանդեպ: Խոսելով ՀՀ քաղաքական կյանքի մասին` Ա. Կարապետյանը նկատեց, որ իշխանության մեջ միասնական ցուցակով հանդես գալու շուրջ լուրջ քննարկումներ են ընթանում: Վերադառնալով ՌԴ Պետդումայի ընտրություններին` նա նկատեց, որ հետընտրական այս ճգնաժամը կանխատեսելի էր. կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր: Նա առանձնացրեց երկու պատճառ: “Ռուսաստանում կյանքի որակը այնքան բարձր չէ, որպեսզի հետընտրական գործընթացներ չլինեն, այսինքն` կա դժգոհություն: Երկրորդն այն է, որ իսկապես կա Արեըմուտքի միջամտությունը: Եվրախորհրդարանը որոշում է կայացրել, որ պետք է չեղյալ համարել այս ընտրությունները:Հայաստանում մարդիկ սպանվեցին, եւ ոչինչ չեղավ,- ամփոփեց Ա. Կարապետյանը` ասելով. սա է քաղաքականությունը: