Հաստատված հայեցակարգի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են Երևանի արտաքին տեսքի բարեկարգմանն ու ձևավորմանն ուղղված աշխատանքները:
2014-ի ծրագրով այս տարի ևս բոլոր վարչական շրջանները կկահավորվեն հարմարավետ նստարաններով ու աղբամաններով: Մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչը դարձած նորաոճ նստարանները կտեղադրվեն այգիներում, պուրակներում ու հանգստի այլ գոտիներում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից սկիզբ առած այս գործընթացը մեծ սիրով ընդունվեց ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի կողմից: Հարկ է նշել, որ 2012 և 2013 թվականների ընթացքում մայրաքաղաքը կահավորվել է նմանատիպ շուրջ 1200 նստարաններով ու ավելի քան 850 աղբամաններով: Մինչ ընթացիկ տարվա վերոնշյալ ծրագրի մեկնարկը այս օրերին թարմացվում են նախորդ տարիներին մայրաքաղաքում տեղադրված նստարանները:
Համաձայն պայմանագրային պարտավորության` նստարաններն արտադրող ընկերությունն իր հաշվին, լաքապատման և ներկման միջոցով, վերականգնում է նստարանների արտաքին մաշված շերտերն ու կողային հատվածները: Ընկերության կողմից համանման աշխատանքներ են տարվում նաև նորաոճ աղբամանների թարմացման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն