Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտել է մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը:
Այս մասին հայտարարություն է տարածել Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ, Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։
Հայտարարության մեջ նա մասնավորապես դատապարտելի և մերժելի է համարել Եկեղեցում ցանկացած բռնության դրսևորում։
«Եկեղեցին նախևառաջ և հաստատապես՝ անկախ քաղաքական հայացքներից, Աստծո տունն է, որտեղ մարդիկ կյանքի կոչելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միմյանց սիրելու պատվիրանը, միավորվում են սիրո, կարեկցանքի և աղոթքի շուրջ:
Ներողություն ենք խնդրում բարեպաշտ հավատացյալներից, որոնք գալով Եկեղեցի ակամայից ներկա են գտնվել այդ դատապարտելի տհաճ միջադեպին: Հորդորում ենք մեր հավատավոր զավակներին` զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։
Աղոթում ենք, որ Ավագ շաբաթվա ընթացքում ապաշխարությամբ անցնենք Տիրոջ Չարչարանաց ճանապարհով և մաքրված ու զորացած դիմավորենք Տիրոջ հրաշափառ Հարությունը»,-հայտարարել է Տեր Զենոն քահանա Բարսեղյանը:
Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես եկեղեցուց դուրս գալու ընթացքում տղամարդը փորձել է հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Քննչական կոմիտեից հաղորդել են, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): 3 անձ ձերբակալվել է:




















































































