Armenian text to speach

17 հազար դոլար ավանդ, 22 հազար դոլար կանխիկ, հողամաս․ ի՞նչ ունեցվածք ունի վիճակագրական կոմիտեի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի հայտարարագիրը։ Նախ նշենք, որ  Ստեփան Մնացականյանը երկար տարիներ զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ։ Նա 1996-1998 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, 1998-2000 թվականներին՝ ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար, 2000-ից մինչև 2018 թվականը՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ, իսկ 2018 թվականի մայիսի 21-ից հանդիսանում է Վիճակագրական կոմիտեի նախագահ։

armlur.am-ը ուսումնասիրեց նրա հայտարարագիրը և պարզեց, որ Մնացականյանը հայտարարագրել է մեկ  անշարժ գույք՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամաս, որի բաժնային սեփականությունը կազմում է 1/20։ Հողամասը ձեռք է բերվել 2020 թվականի հունիսի 22-ին՝ նվիրատվության կարգով։      

Տրանսպորտային միջոց նա չի հայտարարագրել։

Դրամական միջոցների մասով armlur.am-ը պարզեց, որ նա ունի զգալի ֆինանսական միջոցներ։ Մասնավորապես՝ բանկային ավանդները կազմում են 17,000 ԱՄՆ դոլար և 15,000,000 դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3,187.58 ԱՄՆ դոլար, 2,182,028.3 դրամ և 6,759,636.8 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմում են 4,000 եվրո, 22,000 ԱՄՆ դոլար և 2,000,000 դրամ։

 

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա armlur.am-ը ուսումնասիրեց և պարզեց, որ հաշվետու տարվա ընթացքում Ստեփան Մնացականյանի ընդհանուր եկամուտը կազմել է 23,362,590 դրամ։ Այդ թվում՝ 18,437,592 դրամը՝ աշխատավարձ «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե»-ից, 4,116,550 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, իսկ 808,448 դրամը՝ կենսաթոշակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Միևնույն ժամանակ, Մնացականյանն ունի խոշոր վարկային պարտավորություն։ Մասնավորապես, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա հիպոտեկային վարկի մնացորդը կազմել է 57,967,944.9 դրամ, որի առարկան հանդիսանում է  հողամաս։

Բացի այդ, հայտարարագրում նշված է, որ նա նվիրատվության կամ օգնության կարգով տրամադրել է գույք, որի արժեքը կազմել է 10,000,000 դրամ։

armlur.am-ը ուսումնասիրեց նաև Ստեփան Մնացականյանի կնոջ՝ Սրբուհի Հովհաննիսյանի հայտարարագիրը։ Պարզվեց, որ նրա միակ հաշվետու տարվա եկամուտը կազմում է 454,920 դրամ՝ որպես կենսաթոշակ, սակայն նա ունի զգալի դրամական միջոցներ՝ բանկային ավանդներում 15,000,000 դրամ, բանկային հաշիվներում 1,502,219 դրամ և կանխիկ 350,000 դրամ ու 2,000 ԱՄՆ դոլար։

Սոնա Գրիգորյան




Լրահոս