
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն ԱԺ նախագահի քվեարկությանը չի մասնակցելու:
Ռուստամյանի խոսքով` Գալուստ Սահակյանը մեծ փորձ ունեցող անձնավորություն է, ում հետ ՀՅԴ-ն աշխատում է տարիներով:
«Մեզ համար կանխատեսելի անձնավորություն է Սահակյանը, ավելին, մի լավ հատկանիշ կա` նրա հետ հեշտ է լեզու գտնել անգամ ամենաանհավանական իրավիճակներում»,- մանրամասնեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Իսկ թե ինչու դաշնակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի քվեարկությանը, քաղաքական գործչի խոսքով` իրենց մասնակցությունը ձևական բնույթ է կրում, քանի որ քվեարկությունն արդեն իսկ կանխատեսելի է:
Ի դեպ, ԱԺ նախագահի քվեարկության հարցը քառյակը քննարկում է: Թե ինչ հայտարարի կգան չորս ոչ իշխանական ուժերը, դեռ պարզ չէ:
«Իսկ հավանական համարո՞ւմ եք Գալուստ Սահակյանի՝ որպես ԱԺ նախագահ չընտրվելը»,- հետաքրքրվեցին լրագրողները:
«Ո՛չ, չեմ կարծում: Նայե՛ք ձայների հարաբերակցությանը: Բացի այդ` ի՞նչ է նշանակում՝ չընտրվի ԱԺ նախագահ: Դա ճգնաժամ կառաջացնի Ազգային ժողովում»,- պատասխանեց Ռուստամյանը:
Սոնա Դավթյան