Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո Հայաստանի իրավապահ համակարգը գործեց արագ, կոշտ և ցուցադրական։
Մարտի 29-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիկնազորի ուղեկցությամբ ուշացած մտավ Ծաղկազարդի օրվա առիթով կազմակերպված պատարագին, ում ներկաների մի մասն այնքան էլ լավ չընդունեց։ Ականատեսները ԶԼՄ-ներին պատմել են, որ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ներկայացուցիչը բռունցքով հարվածել է երիտասարդներից մեկի ծնոտին։ Նկատենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը. Նա իր քրեաիրավական գնահատականի արժանի արարքներ համար անպատժելիությունը թերևս փոխհատուցում է թիկնապահի դերով: ՔՊ-ից միայն նա է Փաշինյանի հետ պատարագին եկեղեցի մտել:
ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Միքայել Մինասյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը):
Այսինքն՝ գործընթացները տանում են այնտեղ, որ երեքն էլ կալանավորվեն:
Իսկ ովքեր են երիտասարդները. Դավիթն ու Միքայելը Երեւանի √29 ավագ դպրոցի շատ օրինակելի եւ գերազանց սովորող աշակերտներ են, որոնց սատարելու համար դասարանցիները հավաքվել էին դատարանի բակում:
Երեկ քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տանից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չհայտնաբերվեց։ ArmLur.am-ի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, քննիչը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է։ Այն Հակոբկոխյանի, որը տարիներ շարունակ հայտնի է եղել իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և պայքարով։ Մինչդեռ, իրավապահ համակարգում նրա որդին ներգրավված է դպրոցահասակ երիտասարդների նկատմամբ մեղադրանք առաջադրելու գործընթացում։
ՔՊ-ականները, բնականաբար, սկսեցին թիրախավորել երիտասարդներին, որոնք համարձակվել էին Նիկոլ Փաշինյանի ուշացած մուտքի շուրջ դժգոհություն հայտնել:
Նկատենք, որ միջազգային փորձը ցույց է տալիս մեկ կարևոր բան՝ քաղաքական առաջնորդների, վարչապետների, նախագահների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ուղղված հրապարակային սադրիչ, անգամ ֆիզիկական բնույթ ունեցող գործողությունները տարբեր երկրներում միշտ չէ, որ բերում են նույն ծանր հետևանքին։ Որոշ դեպքերում լինում է արագ ձերբակալում ու դատավճիռ, բայց կան նաև օրինակներ, երբ անձինք ազատ են արձակվել առանց մեղադրանքի, կամ պատիժը եղել է ակնհայտորեն մեղմ։ Սուրբ Աննայի միջադեպի մասին հրապարակային նկարագրություններից հետևում է, որ լարվածությունը սկսվել է պատարագի ընթացքում վարչապետի ներկայության, շքախմբի վարքի և եկեղեցում առաջացած անհարմար մթնոլորտի ֆոնին։ Հետո եղել է քաշքշուկ, որից հետո վարչապետը հեռացել է, իսկ արդեն մեկ ժամ էլ չէր անցել, երբ ոստիկանությունը եկեղեցու բակից բերման է ենթարկել երեք անձի։ Ինչ նմանատիպ դեպքեր են եղել աշխարհում, երբ քաղաքացիները ագրեսիա են ցուցաբերել իշխանության նկատմամբ և ինչ հանգուցալուծում են ունեցել միջադեպերը: 2019-ին Ավստրալիայում դեռահաս Ուիլ Քոնոլին ձու էր կոտրել սենատոր Ֆրեյզեր Աննինգի գլխին այն բանից հետո, երբ վերջինս Քրայսթչերչի մզկիթների ահաբեկչությունից հետո ներգաղթն էր մեղադրել ողբերգության համար։
2010-ին Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի ուղղությամբ բողոքի ակցիայի ժամանակ կոշիկներ էին նետվել։ The Guardian-ը գրել էր, որ տղամարդուն ոստիկանությունը հեռացրել է վայրից, բայց ծանր քրեական ելք չեղավ: Այդ դրվագը կարևոր է նրանով, որ նախագահական մակարդակի թիրախավորման դեպքում անգամ արձագանքը չվերածվեց անմիջական, ցուցադրական ծանր պատժի պատմության։
2009-ին Reuters-ը գրել էր, որ լրագրողը կոշիկ է նետել Հնդկաստանի ներքին գործերի նախարար Պ. Չիդամբարամի ուղղությամբ՝ 1984-ի ջարդերի գործով իր հարցին տրված պատասխանից հետո։ Ծանր հատևանքներ դարձյալ չեղան:
Իրաքցի լրագրող Մունթազեր ալ-Զայդին 2008-ին կոշիկներ էր նետել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ Բաղդադում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Reuters-ը գրել էր, որ նա սկզբում դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, հետո պատիժը կրճատվել էր մեկ տարվա, և հետագայում ազատ էր արձակվել ինը ամիս անց՝ վաղաժամկետ։
2021-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հանրային հանդիպման ժամանակ ապտակած տղամարդը դատապարտվեց չորս ամսվա ազատազրկման։ 2024-ին Մեծ Բրիտանիայում Նայջել Ֆարաջի վրա բանանային միլքշեյք նետած կնոջը մեղադրանք առաջադրվեց, բայց Reuters-ի հրապարակմամբ՝ նա ստացավ պայմանական պատիժ, ոչ թե անմիջական ազատազրկում։
2024 թվականի նոյեմբերի 3-ին Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, թագուհի Լետիսիան և վարչապետ Պեդրո Սանչեսը այցելել էին ջրհեղեղից տուժած Վալենսիայի Պայպորտա բնակավայր։ Reuters-ի փոխանցմամբ՝ հարյուրավոր բնակիչներ բողոքել են իշխանությունների արձագանքի դեմ, իսկ նրանցից մի քանիսը ցեխ են նետել պաշտոնյաների ուղղությամբ։ Մամուլի լուսաբանման շեշտը դրվեց ոչ այնքան ցուցադրական քրեական հետապնդման, որքան աղետի կառավարման ձախողման, հանրային զայրույթի և իշխանության պատասխանատվության վրա։
Համեմատությունն ինչ է ցույց տալիս Այս օրինակները չեն նշանակում, թե ցանկացած միջադեպ պետք է անպայման մնա անպատիժ։ Բայց դրանք ցույց են տալիս մեկ պարզ իրողություն․ միջազգային փորձը միատեսակ չէ, և բարձրաստիճան պաշտոնյայի կամ առաջնորդի դեմ ուղղված միջադեպը ինքնաբերաբար չի նշանակում կոշտ քրեականացում, երկար կալանք կամ ցուցադրական հետապնդում: Ի վերջո Հայաստանում էլ եղել է նմանատիպ միջադեպ, երբ արցախցի պապիկը խնձոր նետեց Փաշինյանի ուղղությամբ և արդարացվեց:
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































