Armenian text to speach

Նաիրի Սարգսյանը պարտվեց դատարանում․ «Ժողովուրդ»-ի դեմ հայցը մերժվեց նաև վերաքննիչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ Նաիրի Սարգսյանի ներկայացրած՝ «զրպարտության» բովանդակությամբ հայցը մերժվել է նաև վերաքննիչ դատարանում։ Այսպիսով, ուժի մեջ է մնացել «Ժողովուրդ» օրաթերթի օգտին կայացված դատական ակտը և մենք հաղթեցինք:

Ինչի մասին է խոսքը

Գործը վերաբերում էր «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակմանը, որտեղ ներկայացվել էին տեղեկություններ, ըստ որոնց՝ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանն իր նախկին իշխանական կապերն օգտագործել է իր գործատու GTB-ի շահերը սպասարկելու և դրա գործերն առաջ տանելու համար։ Հրապարակման մեջ անդրադարձ էր եղել նաև պատերազմի օրերին շրջանառված տվյալներին՝ զրահաբաճկոնների գնման, դրանց գնի և բյուջեից կանխիկ դուրս գրված միջոցների վերաբերյալ։

Մասնավորապես, հրապարակվել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Նաիրի Սարգսյանին լիազորվել էր ձեռք բերել 5 միլիոն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, և կանխիկ եղանակով գնվել էր 3000 զրահաբաճկոն, որոնց համար պետբյուջեից տրամադրվել էր 720 հազար ԱՄՆ դոլար։ Ըստ նույն տվյալների՝ յուրաքանչյուր բաճկոնի արժեքը կազմել էր 240 դոլար, ինչը շուկայականից էականորեն բարձր գին էր։ Ավելին, բյուջեից դուրս գրված կանխիկ գումարը ձևակերպվել էր հենց Նաիրի Սարգսյանի անունով։

Փաստորեն, Նաիրի Սարգսյանը դատարանի միջոցով փորձել էր լռեցնել մամուլին, սակայն պարտություն կրեց։ Նրա հայցը մերժվեց, իսկ վերաքննիչ բողոքն էլ արդյունք չտվեց։

Այս գործում առանձնակի կարևոր է նաև իրավական պաշտպանության որակը։ «Ժողովուրդ» օրաթերթի շահերը դատարանում պաշտպանել է «Էյ Էս Ընդ Փարթնըրս» իրավաբանական ընկերությունը, իսկ պաշտպանությունը իրականացրել է փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։ Հենց փաստաբանների հետևողական ու փաստարկված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ դատարանում չեզոքացնել «պատվի, արժանապատվության և գործարար համբավի» անվան տակ ներկայացված պահանջները։

Այս դատական արդյունքը կարևոր ուղերձ է մեդիայի համար․ եթե հրապարակումը հիմնված է փաստերի, տվյալների և հիմնավորումների վրա, ապա անգամ ազդեցիկ կապերով հայտնի անձինք չեն կարող դատարաններով ճնշել մամուլին։

Ուշագրավ է նաև քաղաքական ենթատեքստը։ Նաիրի Սարգսյանն այսօր արդեն այն համակարգի համար «քաղհալածյալների» շարքից է, որին ժամանակին սպասարկել է։ Նա և Հայկ Սարգսյանը, որոնք երկար ժամանակ համարվել են իշխանության ներսի վստահելիներ, այժմ դուրս են մնացել Նիկոլ Փաշինյանի վստահության շրջանակից և, ըստ էության, հայտնվել են ներիշխանական «սև ցուցակում»։ Ներկուսակցական գզվրտոցների, ազդեցությունների վերաբաշխման և ներքին հաշվեհարդարի արդյունքում Փաշինյանի երբեմնի ամենավստահելի մարդիկ այսօր հայտնվել են լուսանցքում։




Լրահոս