Armenian text to speach

ՊԵԿ նախագահի տեղակալի ունեցվածքը․ բնակարաններ, վարկեր և միլիոնավոր դրամների եկամուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի 2024 թվականի հայտարարագիրը։ Նշենք, որ Համլետ Սահակյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի դեկտեմբերի 27-ին։

ArmLur.am-ը պարզեց, որ պաշտոնյան հայտարարագրել է մի շարք անշարժ գույքեր Երևանում․ նա ունի 2024 թվականի դեկտեմբերի 30-ին ձեռք բերված բնակարան (համատեղ սեփականություն), ինչպես նաև 2020 թվականին գնված ևս մեկ բնակարան (նույնպես համատեղ)։ Բացի այդ, նրա սեփականության մեջ են գտնվում 2016 թվականին նվիրատվությամբ ստացած հողամաս, անհատական բնակելի տուն և ավտոտնակ, որոնք գրանցված են միանձնյա։

Տրանսպորտային միջոցներից Սահակյանը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա՝ LEXUS մակնիշի, 2004 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2018 թվականին։

Ֆինանսական տվյալների մասով ArmLur.am-ը ուսումնասիրեց, որ «Բայազետ քոնսթրաքշն» ՍՊԸ-ից ստացված փոխառությունից 2024 թվականի ընթացքում վերադարձվել է 32 մլն 816 հազար դրամ, իսկ տարվա վերջում փոխառության մնացորդը կազմել է 0 դրամ։

Բանկային հաշիվներում առկա միջոցները կազմել են 1,411 դոլար և 1 մլն 305 հազար 3 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 600 եվրո և 244 հազար դրամ։

Հայտարարագրված եկամուտը 2024 թվականին կազմել է 37 մլն 860 հազար 902 դրամ, որից 13 մլն 804 հազար 640 դրամը՝ աշխատավարձ «ՓԻ-ԷՅՋ-ՓԻ ՓԱՐԹՆԸՐԶ» ՓԲԸ-ից։

ArmLur.am-ը պարզեց նաև, որ պաշտոնյայի վարկային պարտավորությունները տարվա վերջի դրությամբ կազմել են 75 մլն 934 հազար 696 դրամ՝ կապված  երկու բնակարանի ձեռքբերման հետ։ Միևնույն ժամանակ, վարկի մարման համար տարվա ընթացքում վճարվել է 10 մլն 968 հազար 334 դրամ։

Բացի այդ, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվել է 28,985 դոլար, որը համարժեք է ավելի քան 11 մլն դրամի։

Համլետ Սահակյանը նաև հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ։

 

Սոնա Գրիգորյան 




Լրահոս