Armenian text to speach

Ինչ ունեցվածք ունի «կոկորդիլոսագետ» Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանը երեկ ֆեյսբուքում գրառում էր կատարել օրեր առաջ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի և դպրոցական տղաների միջև տեղի ունեցած միջադեպի արդյունքում եղբայրներից մեկի կալանավորման վերաբերյալ։

«18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում։ Вот какая доля хулиганчика»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 18-ամյա տղան դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Նա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել էր, տեղափոխվել հիվանդանոց, ապա կրկին տեղափոխվել նույն քրեակատարողական հիմնարկ։

Հատկանշական է, որ Գարիկ Սարգսյանը նախկինում ևս հայտնվել է հանրային քննարկումների կենտրոնում։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով մարզում կոկորդիլոսաբուծարանի ստեղծման մասին, Գ.Սարգսյանը նշեց, որ կոկորդիլոսի ձվերի ներմուծման ժամանակ մաքսային խնդիրը հարթվել է, ձվերը ներմուծվել են թռչնի ձվի կոդի տակ:

Ըստ նրա՝ ինքն իր ֆեյսբուքյան գրառումներում քննարկել է կոկորդիլոսների նախնիների պատկանելությունը, թե կենդանիների ո՞ր խմբին են դրանք ավելի շատ պատկանում.
«Ես ավելի շատ կենսաբանի ու կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել: Կոկորդիլոսն իր ամբողջ օրգան համակարգերով մոտ է թռչուններին: Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»:

ArmLur.am-ը ուսումնասիրեց Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի կենսագրությունն ու հայտարարագիրը և պարզեց մի շարք ուշագրավ փաստեր։
Գարիկ Սարգսյանը 2015 թվականի մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։ Նրա քաղաքական կարիերայի կտրուկ աճը գրանցվել է 2018 թվականից հետո․ Նոր Կյանքի համայնքապետի պաշտոնից նա նշանակվել է Արարատի մարզպետ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ստացել է պատգամավորական մանդատ, սակայն 2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է դրանից։ 2021 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, իսկ արդեն 2022 թվականի հունվարի 5-ին ազատվել է այդ պաշտոնից։
Նույն թվականի ապրիլի 7-ին նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար։

Մինչ այդ Վեդու համայնքապետը աշխատանքային պատմություն չունի Հայաստանում, քանի որ շատերի պես 2012-2015 թվականներին եղել է արտագնա աշխատանքում Ռուսաստանի Դաշնությունում, ասել է թե «խոպանում» է եղել։

ArmLur.am-ը ուսումնասիրեց նաև նրա 2024 թվականի տարեկան հայտարարագիրը։

Ըստ ներկայացված տվյալների՝ Սարգսյանը ունի մի քանի անշարժ գույք․
Տավուշի մարզի Դիլիջանում ձեռք է բերել հասարակական նշանակության երկու շինություն՝ յուրաքանչյուրից ¼ բաժնեմասով (2023 թվականի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին)։
Բացի այդ, նա ունի համատեղ սեփականությամբ բնակելի տուն Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում (ձեռք բերված 2003 թվականին), ինչպես նաև հողամաս Նոր Ուղի համայնքում։
Դրամական միջոցների մասով ArmLur.am-ը պարզեց, որ նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 687,820 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 650,000 դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են ընդհանուր 10,622,348 դրամ, որից՝
• 5,622,348 դրամ՝ աշխատավարձ Վեդու համայնքապետարանից,
• 5,000,000 դրամ՝ ստացված վարկ «Ամիո բանկ» Արտաշատի մասնաճյուղից։
Տարվա վերջի դրությամբ նրա վարկային պարտավորությունը կազմել է 5,000,000 դրամ։
Նա շարունակում է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել՝ հանդիսանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վեդու տարածքային խորհրդի նախագահ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս