ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր անդրադարձավ Սևանից ջուր բաց թողնելու ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին: Պրն. Մանուկյանն ասաց, որ իրականում Սևանից ջուր բացթողնելը բիզնես ծրագիր է, որի նպատակը մեկն է` պաշտպանել Սևանի ափամերձ հատվածի շինությունները և ավելի շատ ջուր տալ Սևան-Հրազդան հիդրոկասկադին, որպեսզի 10 մլն դոլարի հոսանք արտադրվի:
«Ասել է թե` մի քանի բիզնես ընտանիքների ծրագրի համար է արվում լճից ջուր բաց թողնելը»,- մանրամասնեց պրն. Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով` ՀՀ իշխանությունները, Սևանից ջուր բացթողնելով, և չթողնելով, մեծ գումարներ են վաստակել:
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ նախորդ տարվա հունվարին Սերժ Սարգսյանը հայտարարել էր մի քանի տարածքում ջրամբարներ կառուցելու մասին, սակայն ցայսօր ջրամբարների կառուցման նախագծեր չկան. «Հիմա եկել եք նեյնիմ եք անում, թե՝ ջուր չկա, Սևանից պետք է ջուր բաց թողնել, բա ինչի վաճառեցիք մի քանի ջրամբար: Ինչո՞ւ վաճառեցիք «Որոտանի» կասկադը 180 մլն դոլարով, բայց առ այսօր փողը չի փոխանցվել»,- մանրամասնեց Մանուկյանը:
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց պատգամավորը, կան տեղեկություններ, որ Սևանից ջուր պետք է բաց թողնեն հունիսից, սակայն ջուր են բաց թողնում մայիսի 2-ից, ընդ որում` նախատեսվածից ավելի: