Armenian text to speach

«Հիլլզ սպորտային համալիրի» և պետության համագործակցությունը․ ո՞րն է հանրային շահը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև 2024 թ․ հուլիսի 8-ին ստորագրված հուշագրի իրականացումն արդեն հարցեր է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով, որ ծրագիրը նախատեսում է պետական միջոցներով կառուցված մարզահամալիրների հետագա կառավարումը մասնավոր ընկերության կողմից։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը հայտնել է, որ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մարզահամալիրների կառուցում 3 մարզերում՝
«ՀՀ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է կառուցել սպորտային համալիրներ Մարտունի համայնքի Գետափնյա 22, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր համայնքի Սպանդարյան 40/3, իսկ ՀՀ Արարատի մարզում՝ Արտաշատ համայնքի Զ. Անդրանիկի 1 հասցեներում»։

Նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրի մեկնարկային փուլում պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է կառուցել երեք մարզահամալիր, որոնց նախագծային փաստաթղթերը պետք է տրամադրի մասնավոր ընկերությունը։

Պաշտոնական պատասխանի համաձայն՝
«Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով կառուցել «Զորախաչ» ՍՊԸ-ի պատվիրակմամբ նախագծված թվով երեք սպորտային համալիր»։

Ըստ նույն պատասխանի՝ ընկերությունը մինչև 2025 թվականի ավարտը պետք է տրամադրի նախագծային փաստաթղթերը, իսկ շինարարական աշխատանքների հիմնական փուլը նախատեսվում է իրականացնել 2026–2027 թվականներին։

«Առաջին փուլը կիրականացվի 2026 և 2027 թվականներին, և կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»,— «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրել են նախարարությունից։

Սակայն ծրագրի հաջորդ փուլը նախատեսում է արդեն կառուցված գույքի կառավարումը փոխանցել մասնավոր կողմին։

Մասնավորապես՝ նախարարությունը «Ժողովուրդ»-ին տված պատասխանում նշում է․
«Ծրագրի իրականացման երրորդ փուլում նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում կառուցված սպորտային համալիրները մինչև 2027 թվականի ավարտը հավատարմագրային կառավարման հանձնել ընկերությանը»։

Այս ձևակերպումը փաստացի նշանակում է, որ պետական միջոցներով կառուցված ենթակառուցվածքները շահագործման կհանձնվեն մասնավոր կառույցի, ինչը հարցեր է առաջացնում հանրային շահի ապահովման տեսանկյունից։

Ավելին, երկրորդ փուլով նախատեսվում է, որ մարզահամալիրների գույքը և սարքավորումները ձեռք կբերվեն ընկերության կողմից, սակայն դրանց զգալի մասը կֆինանսավորվի պետական բյուջեից։

Պաշտոնական պատասխանում նշվում է․
«Նշված շարժական գույքը ձեռք է բերվելու ընկերության կողմից, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից (ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն)»։

Փաստորեն ստացվում է, որ պետությունը ոչ միայն ֆինանսավորում է շինարարությունը, այլ նաև մասնակցում է համալիրների կահավորմանը, սակայն կառավարման իրավունքը փոխանցվում է մասնավոր ընկերությանը։

Հարցեր է առաջացնում նաև այն հանգամանքը, որ նման ծրագրերը հաճախ ներկայացվում են որպես նախկինում վիճահարույց պայմաններով տրամադրված տարածքների վերադարձ և արդյունավետ կառավարում, սակայն արդյունքում դրանք կրկին հայտնվում են մասնավոր կառավարման դաշտում՝ արդեն պետական ներդրումների հաշվին։

Քննադատները նշում են, որ նման մեխանիզմները կարող են ստեղծել իրավիճակ, երբ համայնքային կամ պետական գույքը փաստացի դառնում է նոր բիզնես հնարավորությունների հիմք՝ իշխանության հետ փոխկապակցված շրջանակների համար։

Իսկ ո՞ւմ է պատկանում «Հիլլզ սպորտային համալիր»-ը։ Այն պատկանում է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի եղբորը։ Հուշագիր կնքել է նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Հովեյանի եղբոր դուստրը՝ Էլեն Հովեյանը։

Հարցը մնում է բաց՝ որքանո՞վ է այս մոդելը ապահովելու հանրային շահը, և արդյոք համայնքների բնակիչները հնարավորություն կունենան օգտվել այդ ենթակառուցվածքներից մատչելի պայմաններով, թե դրանք կդառնան հերթական օրինակ՝ պետական աջակցությամբ ձևավորված մասնավոր բիզնեսի»։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվել է «Հիլլզ սպորտային համալիր»-ի հետ, որտեղից պարզաբանել են։

««Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի պարզաբանումը մամուլում շրջանառվող ապատեղեկատվության վերաբերյալ

Վերջին օրերին մամուլում տարածված հրապարակումները, որոնք փորձում են բացասական լույսի ներքո ներկայացնել «Հիլլզ սպորտային համալիրի» և պետության համագործակցությունը, պարունակում են ակնհայտ ապատեղեկատվություն և խեղաթյուրված փաստեր։ Որպես մասնավոր կողմ՝ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
• .Մեր մասնակցությունը մարզական ենթակառուցվածքների կառավարմանը հիմնված է ՀՀ կառավարության N 1238-Լ որոշմամբ հաստատված ծրագրային դրույթների վրա։ Սա ոչ թե առանձին վերցրած գործարք է, այլ պետություն-մասնավոր գործընկերության (PPP) հստակ քաղաքականություն, որի նպատակն է ներգրավել մասնագիտացված օպերատորների՝ ծառայությունների որակը բարձրացնելու համար։ Այս համագործակցության քննարկումների համար նախաձեռնվել էր բաց հրավեր ոլորտի կազմակերպություններին դեռևս 2023 թվականի դեկտեմբերից: Շուրջ երեսուն կազմակերպություն է ներգրավված եղել սկզբնական փուլում, սակայն բանակցությունների արդյունքում նախապատվությունը տրվել է մեզ՝ ավելի հետաքրքրված և ավելի գործնական լուծումներ առաջարկող կազմակերպությանը:
• Շրջանառվող թեզերը, թե պետական գույքը «նվիրաբերվում» է մասնավորին, իրականությանը չեն համապատասխանում։ Համալիրները մնում են բացառապես պետական սեփականություն։ Մենք ստանձնում ենք միայն դրանց կառավարման պատասխանատվությունը՝ ապահովելով շարունակական շահագործումը։
• Ըստ պայմանավորվածության՝ մասնավոր օպերատորի կողմից ձեռք բերված մարզասարքերը և գույքը սեփականության իրավունքով անցնում են պետությանը։ Այսինքն՝ մասնավոր հատվածը ներդնում է միջոցներ, որոնք ի վերջո հարստացնում են պետական գույքային ֆոնդը։
• «Հիլլզ սպորտային համալիրը» ոլորտում ունի տարիների փորձ և կայացած համբավ։ Մեր ներգրավվածությունը Արարատի, Եղեգնաձորի և Մարտունու մարզահամալիրներում երաշխավորում է, որ այդ կառույցները կծառայեն համայնքներին՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ և չեն վերածվի անարդյունավետ շինությունների։
• Իսկ ինչ վերաբերվում է այն մարդկանց, ում նկարները օգտագործել է հոդվածագիրը իր հոդվածում, շտապենք տեղեկացնել, որ ոչ Հովհաննես Հովեյանը, ոչ էլ նրա եղբայր Գեղամ Հովեյանը որևէ կապ չունեն ոչ բիզնեսի հիմնադրման, ոչ ղեկավարման, ոչ կառավարման հետ, կարճ ասած՝ նրանք բիզնես գործունեությամբ չեն զբաղվում:

Ցավում ենք, որ պետության համար կարևոր նշանակություն ունեցող զարգացման ծրագրերը դառնում են քաղաքական շահարկումների առարկա։ «Անձնական կապերի» մասին ենթադրությունները զուրկ են փաստական հիմքերից և վնասում են գործարար միջավայրին։ Չնայած նրան, որ բիզնես տեսանկյունից մարզային գոտիներում գործունեություն ծավալելը համարվում է ռիսկային՝ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը՝ հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ զարգացնել սպորտային մշակույթը Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ մեզ համար ամենակարևորը հայ ազգի առողջությունն է: Քանզի հայը պիտի լինի ուժեղ, հայուհին՝ գեղեցիկ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս