NATO-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կայցելի Սպիտակ տուն՝ այն ֆոնին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատում է եվրոպական դաշնակիցներին Իրանի դեմ պատերազմին չմասնակցելու համար։
Թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ Սպիտակ տունը հայտարարել են, որ այցը նախապես էր պլանավորված։ Սակայն այն տեղի է ունենում դաշինքի ներսում աճող տարաձայնությունների պայմաններում։
Թրամփը հայտարարել է, որ պատերազմից հետո կարող է վերանայել ԱՄՆ անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ դաշինքը անվանելով «թղթե վագր»։ Նրա հիմնական դժգոհություններից է այն, որ եվրոպական երկրները հրաժարվում են ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը և չեն տրամադրում իրենց օդային տարածքն ու ռազմաբազաները ԱՄՆ գործողությունների համար։
ՆԱՏՕ-ում իրավիճակը որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես վերջին տասնամյակների ամենալուրջ ճգնաժամերից մեկը։ ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դալդեր-ի խոսքով՝ եվրոպական երկրներում աճում է համոզմունքը, որ պետք է նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ից։
Միևնույն ժամանակ, եվրոպական առաջնորդները շարունակում են ընդգծել դաշինքի կարևորությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «աշխարհի ամենաարդյունավետ ռազմական դաշինքն է» և Լոնդոնը հավատարիմ է մնում նրան՝ միաժամանակ ընդգծելով, որ Իրանի դեմ պատերազմը «իրենց պատերազմը չէ»։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, իր հերթին, զգուշացրել է, որ ստեղծված իրավիճակը կարող է նպաստել Ռուսաստանի շահերին՝ հիշեցնելով նաև Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը դեռ իր առաջին նախագահության ընթացքում ՆԱՏՕ-ն անվանել էր «հնացած»՝ առաջ մղելով «America First» քաղաքականությունը։ Նրա նոր հայտարարությունները և քայլերը կրկին խորացնում են տարաձայնությունները դաշինքի ներսում։
Փորձագետների գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ում առաջացած ճեղքը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ Արևմուտքի անվտանգության համակարգի վրա։
Անի Վարդանյան



























