Armenian text to speach

ԱՄՆ-Իսրայելական գործողությունների հետևանքները կրում է ամբողջ աշխարհը․ Իրանի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքները Իրանի դեմ զգացվում են ողջ աշխարհում՝ կոչ անելով միջազգային հանրությանը ցուցաբերել պատասխանատու և վճռական դիրքորոշում։

Նա այս մասին ասել է Ալեքսանդր Ստուբբի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին և ընդգծելով դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ լարվածությունը մեղմելու համար։

Փեզեշքիանը նշել է, որ Իրանը մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում երկրորդ անգամ ենթարկվել է հարձակման՝ այն դեպքում, երբ գտնվում էր դիվանագիտական գործընթացում։ Նրա խոսքով՝ հարվածները պատճառել են մարդկային և նյութական զգալի կորուստներ։

Իրանի նախագահը շեշտել է, որ նման «անօրինական պատերազմների» հետևանքները սահմանափակված չեն միայն տարածաշրջանով, այլ ազդում են ողջ միջազգային հանրության վրա՝ խաթարելով միջազգային իրավունքը։

Նա նաև քննադատել է Եվրոպական միության արձագանքը՝ նշելով, որ որոշ երկրներ հանդես են եկել պատասխանատու դիրքորոշմամբ, մինչդեռ մյուսները՝ պասիվ կամ կողմնակալ են, հատկապես քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման հարցում։

Վերահաստատելով Իրանի ինքնապաշտպանության իրավունքը՝ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը չի ձգտում ընդլայնել հակամարտությունը, սակայն վճռականորեն պաշտպանելու է իր ազգային անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Նա նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցին՝ հայտարարելով, որ այնտեղ առկա անկայունությունը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններով, և ընդգծել, որ հակամարտությանը ներգրավված կողմերի հետ կապված նավերը չպետք է օգտագործեն այդ ուղին Իրանի դեմ գործողությունների համար։

Իր հերթին, Ալեքսանդր Ստուբբը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կարևորելով դիվանագիտության դերը լարվածության նվազեցման հարցում և նշելով, որ Ֆինլանդիան պատրաստ է աջակցել խաղաղության և կայունության վերականգնման ջանքերին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ՝ փետրվարի 28-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։ Հարվածները իրականացվել են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա՝ առաջացնելով զգալի մարդկային կորուստներ և ենթակառուցվածքների վնասներ։

Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերին՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Անի Վարդանյան




Լրահոս