Երեկ հայտնի դարձավ, որ Վազգեն Սահակյանը դատավոր չի նշանակվի։ ՍԴ-ն բավարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը ճանաչելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին հակասող։ Որոշումը հրապարակվել է քիչ առաջ։
Հիշեցնենք, որ Վազգեն Սահակյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու առաջարկը ԲԴԽ-ն ՀՀ նախագահին ներկայացրել է մարտի 12-ին։ Սակայն ՀՀ նախագահը չի ստորագրել նշանակման հրամանագիրը և դիմել է ՍԴ՝ վիճարկելով դրա սահմանադրականությունը։
Մենք հայտնել էինք, որ թեկնածուի բարեվարքությունը այնքան էլ բարձր չի գնահատվել, սակայն ԲԴԽ-ն ներկայացրել էր նրա թեկնածությունը՝ առանց լուրջ հիմնավորումների։
Հիշեցնենք նաև, որ մերժված թեկնածուի հայրը՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, 2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Սակայն աղմկալի պատմության արդյունքում նրա հետ գործարքի են գնացել և նրան հեռացրել նախագահի պաշտոնից։
Մամուլը գրել էր, որ 2016 թվականին դատական համակարգում սկանդալային պատմություն տեղի ունեցավ։ Մասնավորապես, վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի պաշտոնը իջեցվել էր՝ նրան տալով սովորական դատավորի կարգավիճակ, քանի որ նա Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավոր Սամվել Ուզունյանին «պրոմախ» էին տվել։
Ըստ տեղեկությունների՝ նշվում է, որ ինչ-որ գործով Ս. Ուզունյանն ու Տ. Սահակյանը սխալ են գործել, և հենց դա էլ դարձել է ճակատագրական։
Ասվում է, որ Ուզունյանին կանչել և ասել են՝ «դիմումդ գրի, գնա», իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում էր գրել ու անհետացել։ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ արդեն դատավորի կարգավիճակով։
Քնար Մանուկյան

























































































