Քաղաքապետարանը երկակի ստանդարտներով է սեփականաշնորհում տարածքները. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանում ավտոտնակների, կրպակների և այլ տարածքների օրինականացումը կարող է հանգեցնել կոռուպցիոն դրսևորումների:

Պատճառն այն է, որ Քաղաքապետարանը օգտագործում է մայրաքաղաքի գոտիավորման սխեմաները, և մի դեպքում քաղաքացիների տարածքներն օրինականացվում են, իսկ մյուս դեպքում՝ մերժվում: Մերժման դեպքերը Երևանի քաղաքապետարանը պատճառաբանում է գոտիավորման սխեմաներում փոփոխություններ կատարելու կամ դրանց հաստատված չլինելու հիմքերով:

Գոտիավորման նախագիծն այն փաստաթուղթն է, որի հիման վրա Երևանի վարչական շրջաններում տրվում են հողամասեր, ինչպես նաև  շենքերի ու շինությունների կառուցման թույլտվություն: Երևանում, սակայն, կան այնպիսի վարչական շրջաններ, որոնց համար դեռևս չկան քաղաքաշինական գոտիավորման նախագծեր, իսկ այն շրջաններում, որտեղ արդեն իսկ հաստատված սխեմաները գոյություն ունեն, քաղաքապետարանն անհիմն կերպով ձգձգում է սեփականաշնորհման գործընթացը՝ պատճառաբանելով, թե դրանք վերջնական հստակեցման կարիք ունեն: Այնինչ, շատ դեպքերում այս պատճառաբանությունը պարզապես ահիմն է, քանի որ որոշ վարչական շրջանների քաղաքաշինական գոտիավորման նախագծերը հաստատվել են տարիներ առաջ, իսկ Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրով նախատեսված չէ մշակել կամ փոփոխել դրանք:

Վերջերս Երևանի քաղաքապետարանը նման պատճառաբանությամբ անհիմն կերպով մերժել էր Արաբկիրի բնակչի օրինական դիմումը: Այդ պատճառով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում: Խնդիրն այն էր, որ քաղաքացին դեռևս 2007 թվականին դիմել էր քաղաքապետարան իր կողմից օգտագործվող ավտոտնակի օրինականացման խնդրանքով: Քաղաքապետարանի համապատասխան բաժնից ստացել էր հարկային հաշիվ, վճարել պահանջված գումարը, սակայն ավտոտնակի սեփականաշնորհման գործընթացը մինչ օրս չի կատարվել:

Երևանի քաղաքապետարանը սեփականաշնորհման ձգձգումն այս դեպքում պատճառաբանում է Արաբկիր վարչական շրջանի տարածքներում գոտիավորման սխեմաների վերջնական հստակեցման անհրաժեշտությամբ, այնինչ տվյալ տարածքի քաղաքաշինական գոտիավորման նախագիծը հաստատվել է դեռևս 2007 թվականին:

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով շարունակվում է խախտվել բազմաթիվ քաղաքացիների իրավունքը: Այսինքն՝ մարդիկ հաճախ չեն կարողանում սեփականացնել իրենց կողմից օգտագործվող տարածքները և ստիպվծ են լինում սպասելտարիներ կամ փնտրել քաղաքապետարանի աշխատակցի, ով անհատական լուծում կտա իրենցխնդրին:

Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս