Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց էին ունեցել՝ քննարկելով Իրանի շուրջ սրվող իրավիճակը և դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա։
Զրույցի ընթացքում Փեզեշքիանը ներկայացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հարվածների վերջին զարգացումները՝ նշելով, որ թիրախավորվել են նաև քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ և կարևոր ենթակառուցվածքներ։
Նրա խոսքով՝ լարվածության աճը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Թեհրանը բանակցություններ էր վարում Վաշինգտոնի հետ։ Իրանի նախագահը ընդգծել է, որ երկիրը վճռական է պաշտպանել իրեն բոլոր հնարավոր միջոցներով։
Փեզեշքիանը նաև շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ աջակցության և համերաշխության խոսքերի համար։
Իր հերթին, Ալիևը նշել է, որ շարունակվող հակամարտությունները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա՝ հույս հայտնելով, որ իրավիճակը շուտով կկարգավորվի։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության շարունակման կարևորությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ՝ փետրվարի 28-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։ Հարվածները հասցվել են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա՝ առաջացնելով զգալի մարդկային կորուստներ և ենթակառուցվածքների վնասներ։
Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել ամերիկյան և իսրայելական դիրքերին՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Անի Վարդանյան





























