«Խոսրովի անտառ»-ում ապօրինի հողօգտագործում է իրականացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել Բնապահպանության նախարարությունում` պարզելու համար, թե որքանով է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայությունները համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Ուսումնասիրության ընթացքում պարզվել են խախտման բազմաթիվ դեպքեր:

Վերահսկիչ պալատը հայտնաբերել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում արգելոցային ռեժիմի խախտմամբ իրականացվում է ապօրինի հողօգտագործում:

Արգելոցի տարածքում ֆիզիկական անձի կողմից սեփականության իրավունքով տնօրինվող 117 քմ մակերեսով շինությունների սպասարկման համար հատկացված 1375 քմ մակերեսով հողատարածքի փոխարեն ինքնակամ օգտագործում է շուրջ 3-ից 4 հեկտար: Տարածքում կատարվել են ծառատնկումներ, հիմնվել է պտղատու այգի:

Արգելոցի տարածքում գտնվող Գյոլայսոր և Գիլանլար կոչվող նախկին գյուղատեղերում ապրող բնակիչները գյուղատնտեսական գործունեությամբ խախտում են պետական արգելոցի պահպանության ռեժիմը: Այս տարածքներում անվերահսկելի է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհի պաշտպանությունը, իսկ պահպանության ռեժիմի հիմնական խախտումներից են անասունների ապօրինի արածեցումն ու խոտհունձը:

Խոսրովի անտառ պետական արգելոցի «Խոր-Վիրապ» պետական արգելավայրի ջրային տարածքներում ջրի թունավորման արդյունքում տեղի է ունեցել ձկնային պաշարների զանգվածային ոչնչացում:

Թունավորման օջախի անմիջական տարածքում շահագործվում է Վեդու ՋՕԸ-ի ոռոգման պոմպակայանը, որով ոռոգվում էին Փոքր Վեդի գյուղի մշակովի հողերը: ՋՕԸ-ի կողմից ոռոգման գործառույթն իրականացվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության:

Վեդի գետի վրա դեռևս 2000թ. շահագործվող ջրբաժան շինությունը կառուցվել է բնապահպանական նորմերի խախտումով, որի հետևանքով փակվել է ձկների սեզոնային միգրացիան դեպի Խոսրովի պետական արգելոցի տարածքում գտնվող բնական ձվադրավայրեր: Սակայն առ այսօր համապատասխան կազմակերպությունների կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել վերոհիշյալ շինությունը վերակառուցելու ուղղությամբ:

Արգելոցի պահպանական գոտում` Գառնի համայնքի Ազատ գետի ափամերձ տարածքում ընդլայնվել է հողամասի մակերեսը, որի արդյունքում փոխվել է գետի հունը և էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին:

Ըստ արգելոցի կանոնադրության՝ պահպանական գոտում ընդգրկված են արգելոցին սահմանակից 15 համայնքներից 4-ը` միայն Ազատ և Վեդի գետերի ջրհավաք ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքում: Մնացած համայնքների հետ սահմանների և պահպանման գոտու անհստակությունը խոչընդոտում է արգելոցային ռեժիմի պահպանությանը:

Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ում 2012թ. վառելիքի ձեռքբերման և օգտագործման մասով խախտվել է ՀՀ կառավարության 27.11.2003թ. թիվ 1648-Ն որոշման պահանջը, ըստ որի պետական ոչ առևտրային կազմակերպությունները չեն կարող վերցնել և տրամադրել վարկեր կամ փոխառություններ:




Լրահոս