Armenian text to speach

«Կայունություն» կուսակցության վարչությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ վարչության նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում  «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին:

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր բարդագույն ժամանակաշրջաններից մեկը: Պատերազմական ծանր հետևանքներ /զոհեր,վիրավորներ, գերիներ/ Արցախի հայաթափում, Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության ոտնահարում, ավանդական արժեքների ձևախեղում, որի հետևանքով թուլացել է Հայաստանի պաշտպանունակությունը, խաթարվել  երկրի անվտանգային համակարգը: Խեղաթյուրվել է երկրի բարոյահոգեբանական դիմագիծը:Գլխիվայր շրջվել են հային ու Հայաստանին բնորոշ հատկանիշները: Հայրենասիրությունը, Արարատ, Արցախ բառերի օգտագործումը ներկայացվում են որպես պատերազմի հրահրման առիթներ:Իշխանությունները, շահարկելով ընձեռնված լծակներն  ու հնարավորությունները /պետական հեռուստատեսություն, մամուլ, <<ներկուսակցական>>  ու <<աշխատանքային>> հանդիպումներ/, առաջնորդվելով  խմբակային շահերով, մոլորեցնում  են հանրությանը, կերակրելով նրան ստի, վախի ու անորոշության ամենօրյա  չափաբաժիններով: Սուտն, իրավամբ, դարձել է պետական քաղաքականություն: Անհրաժեշտության դեպքում սևը ներկայացվում է սպիտակ, սպիտակը՝ սև: Հայաստանի Հանրապետության գոյությունն ու խաղաղության առկայությունը  հանրահռչակվել են որպես օրվա իշխանության     <<բացառիկ>> ձեռքբերումներ:Ասես իրենցից առաջ Հայաստան ու Հայկական պետություն գոյություն չեն ունեցել:Իսկ խաղաղությունն էլ  <<նոր>>  երևույթ էր, որն իրենց շնորհիվ  << սկսեց ծագել Արևելքից>>:

Վտանգավոր չափերի է հասել հասարակության պառակտումը:Անհանդուրժողականությունն ու ատելությունը հանրությանը քայքայում են ներսից:Այսպիսի մթնոլորտում ամենալավագույն ծրագրերն անգամ չեն կարող իրագործվել:Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է նոր միջավայրի ձևավորում, փոփոխությունների իրականացում բոլոր բնագավառներում, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում ՝ հավասարակշիռ կեցվածքի որդեգրում:

Այո՛, մեզ այսօր անհրաժեշտ են փոփոխություններ:

Օրվա իշխանությունները դա անել չեն կարող:Նրանք խճճվել են իրենց իսկ հյուսած անիրավության սարդոստայնի մեջ:Ժողովրդավարության քողի ներքո հաստատվել է կառավարման մենիշխանական ձևը, որի միջավայրում լիարժեքորեն չեն գործում իշխանության տարբեր թևերի գործառույթները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ստեղծված իրավիճակում, ցանկալի փոփոխությունների հասնելու համար, երկրին անհրաժեշտ են նոր մարդիկ ու քաղաքական նոր ուժեր, որոնք զերծ կմնան վերոնշյալ  սխալներից ու գայթակղություններից:

       Մեր դիտարկմամբ այդպիսի ուժ է իրենից ներկայացնում   <<Ուժեղ Հայաստան>> կուսակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ:Ուստի <<Կայունություն>>-ը, իրատեսորեն գնահատելով իրավիճակը,ելնելով ընդհանուր գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից,  հայտնում է իր աջակցությունը և սատարում է  <<Ուժեղ Հայաստան>> կուսակցությանը իր ընտրապայքարում:

 

        Հորդորում ենք <<Կայունություն>>  կուսակցության անդամներին ու համակիրներին՝    կատարելով  քաղաքացիական պարտքը՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և  քվեարկել     <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության ընտրացուցակի օգտին:

 

<<Կայունություն>> կուսակցության վարչության

Նախագահ՝ Ֆիրդուս Զաքարյան»։ (Գ)




Լրահոս