ArmLur.am-ը ուսումնասիրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իրականացվող մի շարք չվերթների ավիատոմսերի գները և պարզել, որ դրանք զգալի տատանվում են՝ կախված ուղղությունից, ամսաթվից և ավիաընկերությունից։
ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ FlyOne Armenia ավիաընկերության դեպքում Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթների տոմսերի արժեքը ապրիլի 9-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում տատանվում է 125-220 եվրոյի սահմաններում։
Նույն ժամանակահատվածում դեպի Մոսկվա չվերթների գները սկսվում են 115 եվրոյից և հասնում մինչև 290 եվրոյի, իսկ դեպի Եկատերինբուրգ՝ 96-160 եվրո։
Եվրոպական ուղղություններից դեպի Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայան ավիատոմսերը հասանելի են 95-195 եվրո գնային միջակայքում։ Մինչդեռ դեպի Իտալիայի մայրաքաղաք Հռոմ հնարավոր է մեկնել նույնիսկ 50-120 եվրոյով։
ArmLur.am-ը պարզել է նաև, որ ամառային սեզոնի համար որոշ ուղղություններով արդեն նկատվում է պահանջարկի աճ։ Մասնավորապես՝ դեպի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա չվերթները հունիս-հուլիս ամիսներին ունեն մոտ 265 եվրո միջին արժեք, իսկ դեպի Մոնտենեգրո ապրիլ-մայիս ամիսներին գները տատանվում են 78-164 եվրոյի սահմաններում։
Զբոսաշրջային ուղղություններից դեպի Եգիպտոս՝ Շարմ էլ-Շեյխ (SSH) և Հուրգադա, ավիատոմսերի միջին արժեքը կազմում է շուրջ 285 եվրո։
Միաժամանակ, ավելի մատչելի ուղղություններից է Կիպրոսի Լառնակա քաղաքը, որտեղ ապրիլ-մայիս ամիսներին հնարավոր է մեկնել 43-174 եվրոյով, իսկ դեպի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ 55-75 եվրոյով։
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի դեպքում գները տատանվում են 91-175 եվրոյի սահմաններում։
Հեռավոր ուղղություններից դեպի Ղազախստանի Ալմաթի չվերթները նախատեսված են հունիս-հուլիս ամիսներին, և դրանց արժեքը կազմում է 169-196 եվրո։
Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել է նաև Wizz Air ավիաընկերության գնային քաղաքականությունը, որտեղ առավել էժան առաջարկներ են գրանցվել եվրոպական ուղղություններով։ Մասնավորապես՝ դեպի Ռումինիայի Բուխարեստ ավիատոմսերի արժեքը սկսվում է ընդամենը 22 դոլարից, դեպի Չեխիայի մայրաքաղաք Պրահա՝ 28-ից մինչև 160 դոլար, իսկ դեպի Գերմանիա միջին արժեքը կազմում է մոտ 100 դոլար։
Իտալական ուղղություններով դեպի Հռոմ հնարավոր է մեկնել մոտ 90 դոլարով, իսկ դեպի Վենետիկ՝ 72 դոլարով։
ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավիատոմսերի գները շարունակում են մնալ բարձր տատանողականության պայմաններում, և մասնագետները խորհուրդ են տալիս տոմսերը ձեռք բերել նախապես՝ խուսափելու սեզոնային թանկացումներից։
Անի Վարդանյան





























