Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ենթակառուցվածքների վրա հնարավոր հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային էներգետիկայի և տնտեսության համար։
Ինչպես հաղորդվում է, Արաղչին այդ մասին նշել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, որի շրջանակում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել գործողությունները։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ենթակառուցվածքների թիրախավորման սպառնալիքները «պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության նորմալացում են», ընդգծելով, որ նման քայլը կբերի Իրանի զինված ուժերի «վճռական և համապարփակ պատասխանին»։
Արաղչիի խոսքով՝ հնարավոր հարվածների հետևանքները չեն սահմանափակվի միայն Իրանի տարածքով կամ տարածաշրջանով, այլ կունենան կործանարար ազդեցություն գլոբալ էներգետիկ շուկայի և համաշխարհային տնտեսության վրա։ Նա նաև շեշտել է, որ նման զարգացումների ողջ պատասխանատվությունը կկրեն ամերիկյան կողմը և գործողությունների նախաձեռնողները։
Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարարը ընդգծել է հակամարտության դադարեցման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ենթակառուցվածքների վրա հարվածների սպառնալիքները միայն մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում։ Նա կարևորել է խնդիրների լուծումը դիվանագիտական ճանապարհով։
Կողմերը նաև անդրադարձել են երկկողմ հյուպատոսական հարցերին։
Անի Վարդանյան





























