Armenian text to speach

Մինչև ընտրությունները Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել. Deutsche Welle

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Deutsche Welle պարբերականը հոդված է հրապարակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և սահմանների հնարավոր բացման վերաբերյալ՝ ընդգծելով, որ գործընթացը կարող է ունենալ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական լուրջ հետևանքներ։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2025 թվականի հանդիպումը պատմական էր՝ առաջին անգամ հայկական կողմի նման մակարդակի ներկայացուցիչը այցելել էր Թուրքիա։

Չնայած երկու երկրների միջև շուրջ 330 կմ երկարությամբ ցամաքային սահմանին՝ այն փակ է 1993 թվականից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին։ Թուրքիան այդ ժամանակ փակել էր սահմանը՝ աջակցելով Ադրբեջանին։

Պարբերականի տվյալներով՝ 2022 թվականից սկսվել է հարաբերությունների զգուշավոր կարգավորման գործընթաց, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանի համար։

Նշվում է, որ Թուրքիայի Իգդիր և Կարս նահանգներում գտնվող անցակետերը՝ Ալիջանը և Ակյականը, կարող են վերաբացվել առաջիկա ամիսներին։ Հայկական կողմը, ըստ լրատվամիջոցի, արդեն իրականացրել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, իսկ թուրքական կողմում դրանք գտնվում են ավարտական փուլում։

Ըստ հեղինակի 2022 թվականից սկսած ընթանում է զգուշավոր մերձեցում։ Հայաստանը այլևս չի պնդում, որ Անկարան ճանաչի 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն։

Նախորդ տարի Հայաստանը նաև խաղաղության համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, որը վերջ է դրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ տևած պատերազմին։ Այդ ժամանակից ի վեր թուրքական ընկերությունները սկսել են հույս կապել տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման և Հայաստանի հետ սահմանների բացման հետ, որոնք փակ են ավելի քան երեսուն տարի։

 Պարբերականի դիտարկմամբ եթե անցակետերը բացվեն մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, որոնք նախատեսված են հունիսին, դա մեծ հաղթանակ կլինի վարչապետ Փաշինյանի համար։ Նա տարիներ շարունակ վարում է Թուրքիայի հետ հաշտեցման քաղաքականություն և փորձում է Հայաստանը մոտեցնել Արևմուտքին, նշում է հեղինակը։

Հոդվածում նաև ընդգծվում է, որ սահմանների բացումը կարող է էականորեն խթանել առևտուրը։ Ներկայումս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը իրականացվում է Վրաստանի միջոցով և կազմում է շուրջ 300-350 միլիոն դոլար։ Բաց սահմանների դեպքում այն կարող է հասնել մինչև 1 միլիարդ դոլարի։

Բացի այդ, սպասվում է նոր լոգիստիկ ուղիների զարգացում, այդ թվում՝ էներգետիկ և հեռահաղորդակցության կապերի ստեղծում, որոնք կկապեն տարածաշրջանը Կովկասի և ավելի լայն շուկաների հետ։

Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Իրանի շուրջ զարգացումները կարող են դանդաղեցնել գործընթացը՝ անվտանգության ռիսկերով պայմանավորված։

Թուրքիայի արևելյան նահանգները՝ Կարսը, Իգդիրը, Արդահանը և Վանը, գտնվում են հայկական սահմանից շատ մոտ։ Դրանք նաև Անատոլիայի ամենաաղքատ շրջաններից են։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ դրանք զբաղեցնում են վերջին տեղերը քաղաքների վարկանիշում՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմելով ընդամենը 3250-ից 4350 եվրո։

Հոդվածում նշվում է, որ այս տարածաշրջանի բնակիչները մեծ հույսեր են կապում սահմանով մարդկանց և ապրանքների շարժի, ինչպես նաև Հայաստանից և աշխարհասփյուռ հայությունից այցելուների ժամանման հետ։ Սահմանի թուրքական կողմում գտնվում են բազմաթիվ կարևոր պատմական և կրոնական վայրեր, ուստի դրա բացումը կարող է ստեղծել զբոսաշրջության նոր հնարավորություններ։

Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավար Քադիր Բոզանը նույնպես ընդգծում է այսպես կոչված «Թրամփի միջանցքի» կարևորությունը։ Նրա ղեկավարած կազմակերպության անդամները այս ուղին և դրա ենթակառուցվածքները համարում են չափազանց կարևոր։ Այս նախագիծը դիտարկվում է որպես Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումների արագացման կարևոր բաղադրիչ։

Տարածաշրջանի տնտեսապես թույլ զարգացած շրջաններում՝ մասնավորապես Թուրքիայի արևելքում, մեծ ակնկալիքներ կան սահմանների բացումից՝ ինչպես առևտրի, այնպես էլ զբոսաշրջության ակտիվացման տեսանկյունից։

Անի Վարդանյան




Լրահոս