
Իրաքի մայրաքաղաքի ընտրատեղամասերից մեկում տեղի ունեցած պայթյունից 6 ոստիկան է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել:
Ինչպես ИТАР-ТАСС-ին տեղեկացրել են Իրաքի ՆԳՆ-ից, պայթուցիկ սարքը գործի է դրել ահաբեկիչ-մահապարտը: Ահաբեկչության համար պատասխանատվություն է վերցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը:
Իրաքում իրադրությունը կտրուկ սրվել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք կանցկացվեն ապրիլի 30-ին: Երկուշաբթի օրը քվեարկությանը մասնակցում են անվտանգության ուժերի ներկայացուցիչները: Բանակի, ոստիկանության և սուննիական «Աս-Սախվա» աշխարհազորի ստորաբաժանումներին առայժմ չի հաջողվել լիովին վերահսկել իրադրությունը: Միայն ապրիլ ամսին երկրում զոհվել է ավելի քան 500 մարդ: