ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են պայմանական երկշաբաթյա հրադադարի շուրջ, որի ընթացքում թույլատրվելու է նավագնացությունը Հորմուզի նեղուցով՝ կարևոր ռազմավարական ուղի, որով անցնում են նավթային և այլ բեռներ Պարսից ծոցից։
Համաձայնությունը ձեռք է բերվել ավելի քան մեկ ամիս անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը համակարգված հարվածներ էին հասցրել Իրանին։ Հրադադարի մասին հայտարարությունից ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա այս գիշեր», եթե Իրանը չվերաբացի նեղուցը։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդում է բանակցությունները, հայտարարել է, որ հրադադարը ուժի մեջ է մտել։
Կողմերի հայտարարությունները
Թրամփը նշել է, որ համաձայնել է «երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները», եթե Թեհրանը բացի Հորմուզի նեղուցը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն հասել է իր բոլոր ռազմական նպատակներին։
Իրանը, իր հերթին, համաձայնել է երկու շաբաթով ապահովել նավերի անցումը նեղուցով՝ գործընթացը համակարգելով իր զինված ուժերի միջոցով։
Թեհրանը ներկայացրել է նաև 10 կետից բաղկացած ծրագիր, որի կարևոր կետերը ներառում են՝
- ռազմական գործողությունների լիակատար դադարեցում Իրանում, Իրաքում, Լիբանանում և Եմենում,
- Իրանի դեմ պատժամիջոցների ամբողջական վերացում,
- ԱՄՆ-ում սառեցված իրանական ակտիվների վերադարձ,
- Իրանի վերականգնման ծախսերի փոխհատուցում,
- և պարտավորություն՝ չձգտելու միջուկային զենքի։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ «ռազմադաշտում ձեռք բերված հաղթանակը պետք է ամրապնդվի քաղաքական բանակցություններով»։
Իսրայելի դիրքորոշումը
Հրադադարի հայտարարությունից կարճ ժամանակ անց Իսրայելում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Իսրայելի բանակը հայտնել է Իրանից արձակված հրթիռների խոցման մասին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը աջակցում է Թրամփի որոշմանը՝ պայմանով, որ Իրանը անմիջապես բացի նեղուցը և դադարեցնի հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների դեմ։
Միևնույն ժամանակ նշվել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, որտեղ Իսրայելը շարունակում է գործողությունները «Հեզբոլլահի» դեմ։
Ի՞նչ է սպասվում
Պակիստանը կողմերին հրավիրել է բանակցությունների Իսլամաբադ քաղաքում՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։
Սակայն բանակցությունները խոստանում են բարդ լինել․ արդեն իսկ կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում հրադադարի պայմանները։ Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը երկու անգամ բանակցություններ են անցկացրել, որոնք ավարտվել են լարվածության սրմամբ։
Հեղինակ՝ Անի Վարդանյան

























































































