Armenian text to speach

Թրամփի հետքայլը Իրանի հարցում հարվածի տակ է դնում ԱՄՆ-ի հեղինակությունը. The Independent

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ հարվածները երկու շաբաթով հետաձգելու որոշումը սուր քննադատության է արժանացել՝ առաջացնելով հարցեր Վաշինգտոնի վստահելիության վերաբերյալ։

Քաղաքական վերլուծաբանների մի մասը համոզված է, որ նախագահի հերթական կոշտ հայտարարությունից հետո հետևած նահանջը ցույց է տալիս ոչ թե հաշվարկված դիվանագիտություն, այլ անհետևողականություն։ Նրանց կարծիքով՝ Թրամփը կրկին օգտագործում է սպառնալիքների լեզուն, սակայն չի իրականացնում դրանք, ինչն աստիճանաբար արժեզրկում է նրա խոսքը միջազգային ասպարեզում։

Քննադատները հատկապես շեշտում են«TACO» (Trump Always Chickens Out) երևույթը՝ նշելով, որ այս անգամ ևս նախագահը նահանջել է իր իսկ սահմանած կոշտ գծերից։ Նրանց գնահատմամբ՝ նման վարքագիծը կարող է ստեղծել տպավորություն, որ ԱՄՆ-ի սպառնալիքները այլևս չեն ընկալվում որպես լուրջ ազդակ։

Փորձագետների մի մասի կարծիքով՝ այս զարգացումը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ․ համաշխարհային առաջնորդները կարող են ավելի ազատ գործել՝ վստահ լինելով, որ Վաշինգտոնը միշտ չէ, որ կանցնի կտրուկ քայլերի։

Հատկանշական է, որ նախկինում հենց Թրամփն էր քննադատում Բարաք Օբամային՝ Սիրիայի հարցում «կարմիր գծից» հետ կանգնելու համար։ Սակայն ներկայիս իրավիճակը, ըստ դիտորդների, հիշեցնում է նույն այն քաղաքական մոտեցումը, որը նա ժամանակին անվանում էր թուլություն։

Այս ֆոնին հարցը մնում է բաց․ արդյոք սա հաշվարկված դադար է՝ բանակցությունների համար, թե՞ հերթական հետքայլ, որը կխորացնի վստահության ճգնաժամը ԱՄՆ-ի նկատմամբ։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս