Armenian text to speach

Դպրոցից ազատված տնօրենը չէր հանձնում աշխատասենյակի բանալիները. ի՞նչ է կատարվել Բերդի թիվ 1 դպրոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարտի 2-ին որոշել է Անահիտ Ջուլհակյանին ազատել Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ մարտի 1-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։ Մարզպետը նույն օրը որոշել է Շուշանիկ Ջուլհակյանին 2026թ․ մարտի 2-ից նշանակել Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող՝ մինչև այդ պաշտոնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքներով տնօրենի ընտրությունը (նշանակումը)։

Անահիտ և Շուշանիկ Ջուլհակյանները հեռու ազգակիցներ են։ Բերդ քաղաքից հայտնեցին, որ Շուշանիկը մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է, սակայն մինչև դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող նշանակվելը՝ 2023թ․-ից Բերդի թիվ 1 դպրոցում աշխատել է որպես փոխտնօրեն։ Նա դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին մասնակցելու արտոնագիր չունի։

Մարտի 2-ից մինչև ապրիլի 7-ը՝ 36 օր, Անահիտ Ջուլհակյանը չէր հանձնել դպրոցի տնօրենի աշխատասենյակի բանալիները, ուստի Շուշանիկն ամբողջ օրը անց էր կացնում ազատ դասարաններում։ Անահիտը դասղեկների միջոցով ծնողներին կանչում էր իր սենյակ՝ խնդիրներ քննարկելու և լուծում գտնելու համար, ինքն էր դասացուցակ փոխում, հրամաններ տալիս։

Զանգահարեցինք Անահիտ Ջուլհակյանին։ Նա ասաց, որ դպրոցի կնիքը գտնվում է Շուշանիկ Ջուլհակյանի մոտ։ 60-ամյա Ա․ Ջուլհակյանը հայտնեց, որ ինքը մասնակցում է Բերդի թիվ 1 դպրոցի տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու մրցույթին․ առաջին՝ գրավոր փուլն անցնելու համար 2 միավոր չի հերիքել, իր կողմից աշխատանքում ուղղումներ են կատարվել, որի արդյունքում այդ փուլը հաղթահարել է։ Սակայն դեռ կա մրցույթի ևս մի փուլ։

Կրթօջախում տիրող երկիշխանության վերաբերյալ նա հայտնեց, որ Շուշանիկ Ջուլհակյանի՝ տնօրենի պարտականությունները կատարող լինելը չի նշանակում, որ նա դպրոցի տնօրենի պաշտոնակատար է, դրանք տարբեր կարգավիճակներ են։ Անահիտի խոսքերով՝ իր տնօրեն լինելն «ընթացքի մեջ է», ինքը տնօրենի հաստիքը զբաղեցնելու մրցույթում է, այժմ դպրոցում ինքը աջակցում, խորհրդատվություն է իրականացնում։

Բերդի թիվ 1 հիմնական դպրոցից հայտնեցին, որ ապրիլի 7-ին, օրվա երկրորդ կեսին, Անահիտ Ջուլհակյանը տնօրենի աշխատասենյակի բանալիները հանձնել է Շուշանիկին, ինքն էլ իր հաշվին մեկ ամսով արձակուրդ վերցրել։

Ոսկան Սարգսյան 




Լրահոս