ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են պայմանական երկշաբաթյա հրադադարի շուրջ, որի ընթացքում թույլատրվելու է նավագնացությունը Հորմուզի նեղուցով՝ ռազմավարական կարևոր ուղի, որի միջոցով Պարսից ծոցից ուղարկվում են նավթային և այլ բեռներ։
Համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը համակարգված հարվածներ հասցրին Իրանի մի շարք ռազմավարական օբյեկտներին։ Հրադադարի մասին հայտարարությունից ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա այս գիշեր», եթե Իրանը չվերաբացի նեղուցը։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդում է բանակցությունները, հայտարարել է, որ հրադադարը ուժի մեջ է մտել անմիջապես հայտարարությունից հետո։
Կողմերի հայտարարությունները
Թրամփը նշել է, որ համաձայնել է «երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները», եթե Թեհրանը բացի Հորմուզի նեղուցը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն հասել է իր բոլոր ռազմական նպատակներին։
Իրանը համաձայնել է երկու շաբաթով ապահովել նավերի անցումը նեղուցով՝ գործընթացը համակարգելով իր զինված ուժերի միջոցով։ Թեհրանը ներկայացրել է նաև 10 կետից բաղկացած ծրագիր, որի կարևոր կետերից են ՝
• ռազմական գործողությունների լիակատար դադարեցում Իրանում, Իրաքում, Լիբանանում և Եմենում,
• Իրանի դեմ պատժամիջոցների ամբողջական վերացում,
• ԱՄՆ-ում սառեցված իրանական ակտիվների վերադարձ,
• Իրանի վերականգնման ծախսերի փոխհատուցում,
• պարտավորություն՝ չձգտելու միջուկային զենքի։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նշել է, որ «ռազմադաշտում ձեռք բերված հաղթանակը պետք է ամրապնդվի քաղաքական բանակցություններով»։
Իսրայելի դիրքորոշումը
Հրադադարի հայտարարությունից կարճ ժամանակ անց Իսրայելում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Իսրայելի բանակը հայտնել է, որ խոցել է Իրանից արձակված հրթիռները։
Իսրայելի վարչապետ Benjamin Netanyahu-ն հայտարարել է, որ երկիրը աջակցում է Թրամփի որոշմանը՝ պայմանով, որ Իրանը անմիջապես բացի նեղուցը և դադարեցնի հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների դեմ։
Միևնույն ժամանակ նշվել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, որտեղ Իսրայելը շարունակում է գործողությունները Հեզբոլլահի դեմ։
Քննադատները տեսնում են, որ Թրամփի քայլը՝ երկշաբաթյա հետքայլը, հակասում է նրա սեփական կոշտ հռետորաբանությանը։ Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ՝ սա կարող է ազդել ԱՄՆ-ի վստահելիության վրա միջազգային մակարդակում։
Քաղաքական շրջանակներում տարածվել է նաև «TACO» (Trump Always Chickens Out) ձևակերպումը, որը ենթադրում է, որ նախագահը հաճախ նահանջում է իր իսկ հնչեցրած սպառնալիքներից։
Հիշեցնենք, որ Թրամփը նախկինում՝ 2013-ին, խիստ քննադատել էր Օբամային՝ Սիրիայի հարցում «կարմիր գծից» հրաժարվելու համար, ինչը նույնպես քննադատվեց որպես վարչապետության թուլություն։
ԱՄՆ Կոնգրեսի արձագանքը
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ անդամները երեկ սկսեցին քննարկել նախագահ Թրամփի հնարավոր հեռացումը պաշտոնից՝ հիմք ընդունելով իր «ամբողջ քաղաքակրթություն կարող է ոչնչանալ այս գիշեր» սպառնալիքը Իրանի նկատմամբ։
Դեմոկրատ օրենսդիր Յասմին Անսարին առաջարկել է կիրառել Սահմանադրության 25-րդ փոփոխությունը, որը թույլ է տալիս փոխնախագահին և կառավարության մեծամասնությանը ժամանակավորապես հեռացնել նախագահին, եթե նա ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները։
Իլհան Օմարը ևս X հարթակում կոչ է արել գործադրել 25-րդ փոփոխությունը կամ նախաձեռնել իմպիչմենտ՝ որպես նախագահին պաշտոնից հեռացնելու միջոց։
Նշվում է, որ այս գործընթացը պահանջում է նաև հանրապետականների աջակցություն, ինչը ներկայումս քիչ հավանական է։
Սպիտակ տունը քննադատել է նախաձեռնությունը՝ այն որակելով որպես քաղաքականապես մոտիվացված և անհիմն։
Իսկ ինչ վերաբերվում է ապագայի կանխատեսումներ, ապա Պակիստանը կողմերին հրավիրել է Իսլամաբադ՝ բանակցությունների շարունակության համար, սակայն արդեն այժմ կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում հրադադարի պայմանները։
Վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա շաբաթներին կարող են նոր լարվածություններ առաջանալ, քանի որ կողմերը ստուգում են իրար նկատմամբ վստահությունը, իսկ ԱՄՆ-ում ներքին քաղաքական գործընթացները՝ դեմոկրատների կողմից Թրամփի հեռացման նախաձեռնությունները, կարող են ազդել միջազգային բանակցությունների վրա։
Անի Վարդանյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































