
armlur.am -ին ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 16-ին Երևանում մասնակցել են ՀՀ զինված ուժերի 97 զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:Շնորհավորելով բնակարանամուտը տոնող զինծառայողներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում` բնակարաններով ապահովումը, պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից են և գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալել են պաշտպանության նախարարին և բարձրաստիճան զինվորականներին: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով և ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: