Իրանի պատվիրակությունը հինգշաբթի երեկոյան կժամանի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ քննարկելու Թեհրանի առաջարկած 10 կետից բաղկացած ծրագիրը, որը նպատակ ունի հանգուցալուծել ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։
Այս մասին հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը՝ նշելով, որ պատվիրակությունը ժամանելու է Պակիստան՝ բանակցություններ վարելու հենց այդ ծրագրի հիման վրա։
Նրա խոսքով՝ Իրանի հանրության շրջանում առկա է որոշակի թերահավատություն՝ պայմանավորված հրադադարի բազմակի խախտումներով Իսրայելի կողմից, որոնք, ըստ իրանական կողմի, միտված են խափանել դիվանագիտական գործընթացը։ Այնուամենայնիվ, Իրանի պատվիրակությունը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով, մեկնում է Իսլամաբադ՝ «լուրջ բանակցություններ» անցկացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ՝ փետրվարի 28-ին Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների և քաղաքացիական անձանց սպանությունից հետո։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան և իսրայելական դիրքերին՝ ցույց տալով իր ռազմական հնարավորությունները։ Չնայած նախնական ակնկալիքներին՝ Իրանի արձագանքը, ըստ պաշտոնական աղբյուրների, եղել է զգալիորեն ավելի ուժեղ՝ պատճառելով զգալի վնասներ և միավորելով երկրի ներսում դիմադրությունը։
Պակիստանի միջնորդությամբ կողմերը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Իսլամաբադում։ Իրանը ներկայացրել է 10 կետից բաղկացած ծրագիր, որը ներառում է, մասնավորապես, ԱՄՆ զորքերի դուրսբերում տարածաշրջանից, պատժամիջոցների վերացում և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցը։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը ապրիլի 8-ին հայտարարել է, որ տեղի ունեցածը «պատմական հաղթանակ» է Իրանի համար՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել ընդունել բանակցությունների պայմանները, այդ թվում՝ փոխադարձ չհարձակման և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ դրույթները։
Իրանական կողմը միաժամանակ շեշտում է, որ բանակցությունները չեն նշանակում հակամարտության ավարտ, այլ դիտարկվում են որպես դրա շարունակություն դիվանագիտական հարթակում՝ պահպանելով ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության դիրքորոշումը։
Անի Վարդանյան

























































































