Armenian text to speach

Ինչ ունեցվածքով պաշտոնից հեռացավ Սերգո Աթանեսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Սերգո Աթանեսյանը 2026 թվականի ապրիլի 8-ից ազատվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

ArmLur.am-ը ուսումնասիրեց պաշտոնյայի հայտարարագիրը և պարզեց, թե ինչ ունեցվածքով է նա հեռանում պաշտոնից։

Ըստ տվյալների՝ Սերգո Աթանեսյանը շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 03/10/2023-ին։

Հայտարարագրի համաձայն՝ նա ունի անշարժ գույք Երևանում։ Մասնավորապես, համատեղ սեփականությամբ բնակարան է ձեռք բերել դեռևս 2021 թվականին։ Իսկ 2024 թվականին պաշտոնյան ձեռք է բերել երկու անշարժ գույք՝ ավտոկայանատեղի՝ 2,858,000 դրամ արժողությամբ և բնակարան՝ 38,682,048 դրամ արժողությամբ։

Այսպիսով, ArmLur.am-ը արձանագրում է, որ 2024 թվականին Աթանեսյանը ձեռք է բերել 2 անշարժ գույք։

Պաշտոնյայի տիրապետման տակ է նաև 2012 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա։

Հայտարարագրում նշված են նաև փոխառություններ։ ArmLur.am-ի հաշվարկով՝ տարբեր անձանցից ստացված և վերադարձված փոխառությունների գումարները միասին կազմում են 67,829,032 դրամ։

Բանկային հաշիվներում Աթանեսյանն ունեցել է 3,880,000 դրամ մնացորդ, ինչպես նաև «Արարատ բանկ» ԲԲԸ-ում՝ 13,359,746 դրամ պարտավորություն։

2024 թվականի ընթացքում նրա եկամուտները կազմել են ընդհանուր 37,747,129 դրամ, որից 12,752,901 դրամը՝ աշխատավարձ, իսկ 1,785,000 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։

Հայտարարագրի համաձայն՝ տարեվերջի դրությամբ նրա վարկային և փոխառությունների պարտավորությունները կազմել են համապատասխանաբար 52,739,042 դրամ և 17,239,746 դրամ։

Նշենք նաև, որ Սերգո Աթանեսյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։




Լրահոս