Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, խոսելով Լիբանանի հետ առաջիկա բանակցությունների մասին, հայտարարել է արաբական երկրների հետ «ուժի միջոցով» խաղաղության համաձայնագրեր կնքելու իր մտադրության մասին։
«Ես արդեն չորս խաղաղության համաձայնագիր եմ կնքել արաբական երկրների հետ, և մտադիր եմ էլի կնքել՝ իրական խաղաղություն, խաղաղություն ուժի միջոցով», – պնդել է նա Իսրայելի հյուսիսային բնակիչներին ուղղված տեսաուղերձում, որը տարածել է վարչապետի գրասենյակը։
Նեթանյահուն նաև գովաբանել է տեղի բնակիչների դիմադրողականությունը Լիբանանի տարածքից անընդհատ հրետակոծություններին և հայտարարել է շիական «Հըզբոլլահի» վրա հարձակումները շարունակելու իր մտադրության մասին։ «Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել. Լիբանանում հրադադար չկա։ Մենք շարունակում ենք հարվածել «Հըզբոլլահին» մեր ողջ ուժով և չենք դադարի, մինչև չվերականգնենք ձեր անվտանգությունը», – ասել է նա։
Վարչապետը հաստատել է, որ հանձնարարել է Իսրայելի կառավարությանը սկսել Լիբանանի հետ ուղիղ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները՝ «լիբանանյան կառավարության բազմիցս խնդրանքներից հետո»։ Այս բանակցությունները, նրա խոսքով, երկու նպատակ ունեն. «Առաջինը՝ «Հըզբոլլահի» զինաթափումը։ Երկրորդը՝ Իսրայելի և Լիբանանի միջև պատմական, երկարատև խաղաղության համաձայնագիր»։





























