Երեկ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը: Պարզվեց` Լիսկան իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարվածի համար: Ինչպիսի «մեծահոգություն», իսկական տղամարդուն ու օրինակելի հայ պաշտոնյային բնորոշ ինչպիսի «վեհանձնություն»: Պատկերացնո՞ւմ եք` մարզպետը՝ նույն ինքը` Լիսկան, այնքան «բարի» է գտնվել, որ ցուցմունքում ասել է, թե զղջում է: Դե, իսկ նման «ասպետավայել» արարքից ցնցված գործարար Սիլվա Համբարձումյանն էլ անմիջապես շտապել է հայտարարել, թե Լիսկայի դեմ հարուցված գործի կարճումը համարում է իր եւ բոլոր հայ կանանց հաղթանակը. «Ես գոհ եմ գործից, որովհետեւ ինքը վերջիվերջո զղջաց: Որոշման մեջ գրված է, որ զղջացել է: Այսինքն` դա ինձ համար ամենամեծ հաղթանակն է»: Իրականում թե՛ ինքնին միջադեպը` երբ բարձրաստիճան հայ տղամարդ պաշտոնյան հրապարակավ հարվածեց կին գործարարին, թե՛ միջադեպին ներկա պատգամավորների պահվածքը, թե՛ դրան հետեւած ՀՀԿ-ականների մեկնաբանություններն ու երկրի բարձրագույն ղեկավարության անհաղորդ կեցվածքն ի ցույց դրեցին այն ճղճիմ փոքրոգության մթնոլորտը, որն այսօր տիրում է իշխանական վերնախավում: Ի վերջո, չգտնվեց գոնե մեկ իսկական հայ տղամարդ, որի «դուխը» հերիքեր հրապարակավ ասելու, որ Լիսկայի արածն ամոթալի ու տղամարդուն ոչ վայել արարք է: Լիսկայի դեմ չհանդգնեցին խոսել ո՛չ երկրի վարչապետը, ո՛չ նախարարները, ո՛չ տղամարդ պատգամավորները, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ էլ անգամ Սերժ Սարգսյանը: Իսկ եթե նրանք, շատ լավ տեղյակ լինելով, որ մարզպետն իրոք հարվածել է Համբարձումյանին, չխոսեցին այլ պատճառով, ապա դա էլ ավելի վատ է` նշանակում է՝ նրանց համար Լիսկայի այդ արարքը միանգամայն ընդունելի ու սովորական բան է: Դատելով այն փաստից, որ գործը կարճվեց, եւ Լիսկան էլ շարունակում է պաշտոնավարել` ասես ոչինչ չի եղել, թե՛ առաջին, թե՛ երկրորդ տարբերակներն էլ ճիշտ են:
Սակայն այս պատմության մեջ իրեն ոչ պակաս տգեղ դրսեւորեց նաեւ Սիլվա Համբարձումյանը: Ծեծված տիկինը, որը մինչ այդ հավաստիացնում էր, թե գնալու է մինչեւ վերջ, երեկ արդեն քիչ էր մնում շնորհակալություն հայտներ Լիսկային` իրեն ծեծելուց հետո «զղջում եմ» բառերն արտաբերելու համար. «Սա համարում եմ որպես ինձ շնորհակալություն»,- ո’չ ավել, ո’չ պակաս ասել է տիկինը: Եվ դա այն դեպքում, երբ Լիսկան, ըստ էության, չի ընդունել, որ ինքը զղջում է իր արարքի համար. «Ի՞նչ ա նշանակում՝ զղջացել եմ… ես ընդհանուր, երեւույթի համար եմ զղջացել»:
Այս ամենից հետո, որքան էլ տխուր է, սակայն մենք էլ զղջում ենք, որ լուսաբանել ենք ըստ էության միմյանցից շատ չտարբերվող Լիսկայի ու Շաքար Սիլվայի «ռազբորկաները»` այդպիսով նպաստելով նրանց քաղաքական ու բիզնես PR-ին: Բայց, որ ամենակարեւորն է՝ ավելորդ անգամ ի ցույց դնելով օլիգարխիատում տիրող անբարո բարքերը: Թող հոշոտեն իրար` ինչքան ուզում են, սակայն հասարակության աչքից հեռու: Առանց այդ էլ հասարակությունը չափից ավելի հիասթափված է:
ՀԱՄԱՐԺԵՔ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ