ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՑԱՆԿ Է ՈՒԶԵԼ
Երեկ կառավարությունում տեղի ունեցած գիտատեխնիկական խորհրդի նիստում հավանության  են  արժանացել ՀՀ տարածքում նոր կառուցվող, վերականգնվող եւ ուժեղացվող շենքերում սեյսմամեկուսացման համակարգեր կիրառելու վերաբերյալ առաջարկները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի նշված համակարգերի կիրառումն ապահովող համալիր միջոցառումներն ու Երեւանի այն բազմաբնակարան շենքերի ցանկը, որտեղ անհրաժեշտ են նման աշխատանքներ:

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1 մասով (սպանություն) 7 տարվա ազատազրկման  դատապարտված,  1936թ. ծնված Ալբերտ Ռշտունին:  Արդարադատության նախարարության մամլո ծառայությունից armlur.am-ին տեղեկացրել են, որ դատապարտյալի մոտ եղել է շաքարային դիաբետի ծանր ընթացք,  խրոնիկական երիկամային եւ  սիրտ-անոթային անբավարարություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՕԴ ՈՒ ՋՈՒՐ
«Երբ սպառողը շաքարավազ է գնում, նա հետը ջուր է գնում, քանի որ շաքարավազի մեջ խոնավության տոկոսը զգալիորեն գերազանցվում է: Նույնը վերաբերում է նաեւ հացին. մենք կարծում ենք, որ գնում ենք հաց, բայց մենք գնում ենք մոտավորապես 20-30 տոկոս օդ: Նման վիճակ է նաեւ սուրճի շուկայում, որտեղ կոֆեինը շատ քիչ է»,-այս մասին  երեկ հայտարարել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` նշելով, որ թեեւ դա առողջության համար վտանգավոր չէ, բայց ֆինանսական առումով վնասը մեծ է:

ԱՊՕՐԻՆԻ ՓԱՅՏԱՀԱՏՆԵՐԸ
Դեկտեմբերի 12-ին անհայտ անձինք Գետիկի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնից ապօրինի հատել են 16 լորենի, 8 կաղնի, 2 թխկի եւ 3 բոխենի: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնել են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է  ապօրինի ծառահատումը կատարած  անձանց ինքնությունը: Նրանք հրավիրվել են բաժին:
   
ՀԱՅ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ
Մոսկվայի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը նշանակվել է սոցիալական քաղաքականության հարցերով փոխքաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հաղորդում է  РИА Новости-ն: Նշված պաշտոնում Պետրոսյանը կփոխարինի Լյուդմիլա Շվեցովային, ով պատգամավորական մանդատ է ստացել եւ աշխատանքի անցել Պետդումայում:

ՃԱՊՈՆԱՑՈՒ ՀԵՏ
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հանդիպել է Ճապոնիայի դեսպանության քաղաքական բաժնի առաջին քարտուղար Կուվակո Միձույոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, առաջիկա ընտրություններին, ինչպես նաեւ տնտեսական դրությանն առնչվող հարցեր:




Լրահոս