«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 12-ին կրակոցներ են հնչել Վանաձոր քաղաքում, ինչի արդյունքում երեք հոգու տեղափոխել են հիվանդանոց: Վերը նշված օրը` ժամը 23:30-ի սահմաններում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնին հայտնել են, որ ոտքերի մասում ստացած հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Վանաձորի մի քանի բնակիչներ: Կրակողի կամ կրակողների ինքնությունը դեռեւս բացահայտված չէ:
Պարզվում է, որ կեսգիշերին հիվանդանոց են տեղափոխվել 36-ամյա Արսեն Գեւորգյանը, Վահագնաձոր գյուղի բնակիչ 46-ամյա Մարտիրոս Ավետիսյանը եւ Վանաձորի բնակիչ 43-ամյա Գարիկ Մուրադյանը:
Ըստ մեր տեղեկությունների` Արսեն Գեւորգյանը ստացել է աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք, Մարտիրոս Ավետիսյանը` ձախ ազդրի միջանցիկ հրազենային վնասվածք, իսկ Գարիկ Մուրադյանը` ազդրի հրազենային կոտրվածք: «Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, հիվանդների վիճակը թեթեւից մինչեւ միջին ծանրության է: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,-հայտնեց Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրի բուժծառայության ղեկավար Արտակ Եդոյանը:
Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը մեզ ներկայացրեց, թե իրականում ինչ է կատարվել. «Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող «Պրիզ» տաքսի ծառայության գրասենյակի առջեւի հատվածում կանգնած հիշյալ անձանց ուղղությամբ նույն փողոցի հակառակ մայթի վրա գտնվող հիմնարկության պարսպի հետեւից ինքնությունը դեռեւս չպարզված անձն իր մոտ ունեցած 7-62 տրամաչափի ինքնաձիգ հրազենից կրակոցներ է արձակել, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ վիրավորները պատսպարվել են մեքենայում»:
Անհայտ անձը կրակել է Գարիկ Մուրադյանի` նշված վայրում կայանված «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 78 ԼՕ 008 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Երեւանից Վանաձոր են ժամանել ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, անգամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր` 6-րդ վարչության աշխատակիցներ: Նրանք ուժեղացված ծառայություն են իրականացնում Վանաձորում, ստուգում են կասկածելի ավտոմեքենաները:
Վանաձորի ոստիկանությունը Գարիկ Մուրադյանի տան բակում հայտնաբերել է «Միթսուբիշի Պաջերո»-ն, որի վրա եղել են բազմաթիվ կրակոցների հետքեր: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության տուգանային հրապարակ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե իրենք դեպքի վայրում աշխատում են, եւ առայժմ չի կարող պատասխանել մեր հարցերին:
Զրուցեցինք ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի հետ, որը եւս նշեց, որ իրենք ակտիվորեն աշխատում են հանցագործին գտնելու համար: «Դեռ չի բացահայտվել, ավել բան չեմ կարող ասել, ոչ թե թաքցնում ենք, այլ ուղղակի իրականում այդքան տեղեկություն ունենք: Առայժմ կարող եմ ասել, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հանցագործին դեռեւս չենք բացահայտել: Գիշերվանից ենք գործը սկսել, տեղազննություն ենք կատարում, այսքանը»,-ասաց Գ.Իսպիրյանը:
Տեղեկացանք, որ փաստի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, 34 հոդվածով` հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով, եւ 104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով` սպանություն` երկու կամ ավելի անձանց հատկանիշներով:
ԿՐԱԿՈՑՆԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ