Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բաժանմունքի վարիչ Լեւոն Ռուբենի Հարությունյանը երեք անգամ վիրահատել է քաղաքացի Բաբկեն Սահակյանին, սակայն ոչ մի անգամ չի ասել, որ նա ուռուցք ունի եւ անբուժելի հիվանդ է: Արդյունքում հիվանդի հարազատները կորցրել են 4 միլիոն դրամ եւ 49-ամյա Բաբկեն Սահակյանին:
Վարսիկ Սահակյանը` Բաբկեն Սահակյանի քույրը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց, որ 2010-ի օգոստոսին իր եղբայրը դիմել է բժիշկների օգնությանը: Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բաժանմունքի վարիչ Լեւոն Ռուբենի Հարությունյանը Բաբկենին վիրահատելուց հետո հավաստիացրել է, որ ոչ մի վտանգ չկա, գլխուղեղի վրա ընդամենը հեմատոմա է: «Ուռուցքի մասին խոսք լինել չի կարող: Մաքրեցինք, վերջացավ»,-ասել է փորձված վիրաբույժը: Բայց այդ խոսքերից հետո նա երեք անգամ վիրահատել է հիվանդին:
Հիվանդի քույր Վարսիկը հարցել է բժիշկներին, թե ինչու է նախորդ վիրահատությունից հետո ախտորոշվել «հեմատոմա». «Էլ չեմ ասում, որ անալիզի պատասխանի վրա եղբորս անվան փոխարեն մեկ ուրիշի անունն էր գրված, չեմ հասկանում` ուրիշի անալիզի պատասխա՞ն էր, թե՞ սխալմունք»: Այս հարցերի պատասխանը հիվանդի հարազատը չի ստացել: Արդյունքում կորցրել է եղբորը եւ հիմա հաշվարկում է, որ մոտ 4 մլն դրամից ավել վճարել է, փաստորեն, ոչնչի դիմաց:
«Ես չէի ափսոսում, հայթայթում էի նրանց պահանջած գումարները, միայն թե եղբորս կյանքը փրկվեր, քանի որ վիրաբույժ Լեւոն Ռուբենիչը 2-րդ վիրահատությունից հետո կրկին հավաստիացնում էր, որ 3-րդ վիրահատությունից հետո ամեն ինչ լավ կլինի… միայն թե մի բջիջ կա, որն անցել է ուղեղի այնպիսի մի հատված, որին ձեռք տալ չեն կարող, այլապես կյանքին վտանգ կսպառնա»,-պատմեց քույրը:
Եւ այսպես, 3-րդ վիրահատությունից հետո` 11.10.2011թ., Բաբկենը դուրս է գրվել հիվանդանոցից: «Ամեն ինչ լավ կլինի, միայն թոքերի համար նշանակումներ է արված, որի հետեւանքը երկարաժամկետ անկողնային վիճակն է, իսկ հիվանդի կյանքին այլեւս ոչ մի վտանգ չի սպառնում»,-բացատրել է վիրաբույժը: Հենց նրա հրավիրած շտապօգնության մեքենայով Բաբկենին տեղափոխել են Արարատի մարզի Ազատավան գյուղի տուն` այդ ծառայության դիմաց նրանցից պահանջելով եւ ստանալով 20 հազար դրամ: Բայց մեկ օր անց հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Քույրը զանգահարել է բուժող բժիշկ Ժորես Հարությունյանին: Վերջինս էլ իր հերթին հորդորել է. «Բաբկենը պրոբլեմ չունի, միայն թոքերի դեղը սրսկե՛ք, լավ կլինի»:
Սակայն հաջորդ առավոտյան` հոկտեմբերի 13-ին` ժ. 8:10-ին, Բաբկեն Սահակյանը կնքել է իր մահկանացուն:
«Ժողովուրդ»-ը փորձեց բուժող եւ վիրահատող բժիշկից` Լեւոն Հարությունյանից, պարզել, թե ինչու է հիվանդին երեք անգամ վիրահատել, որից հետո նա մահացել է: «Առաջին վիրահատության ժամանակ ոչ թե հեմատոմա էր, այլ սպիական հյուսվածքի վնասվածք, որն էլ հեռացրել ենք: Իսկ անալիզի պատասխանի վերաբերյալ, որ մեկ ուրիշի անունն է գրված եղել, դա պարզապես պատահական սխալմունք է եղել, բոլորիս հետ էլ պատահում է,-մեղմանուշ ձայնով պատասխանեց բժիշկը` ավելացնելով,-ներուղեղային ուռուցքի դեպքում մենք չենք կարող ասել ուռուցքի բնույթի մասին, մինչեւ անալիզ չարվի: 2-րդ վիրահատությունից հետո հաստատվեց չարորակ նորագոյացությունը, նշանակվեց ճառագայթային բուժում եւ դուրս գրվեց հիվանդանոցից»:
Լ. Հարությունյանը նաեւ ասաց, որ այդ ամենից հետո անհրաժեշտություն է առաջացել կատարել 3-րդ վիրահատությունը, նշանակվել է քիմիական եւ ճառագայթային բուժում: Դե վճարումն էլ կրկնակի է եղել` որպես ՌԴ քաղաքացի:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե լինելով բազմափորձ բժիշկ, գիտությունների թեկնածու, ինչպես կարող էր հիվանդի հարազատներին վստահեցնել, որ երեք վիրահատությունից հետո՝ այն էլ գլխուղեղի չարորակ ուռուցքի դեպքում, հիվանդն այլեւս «պրոբլեմ» չի ունենա, Լ.Հարությունյանը պատասխանեց. «Հնարավոր էր, որ ապրեր հիվանդը, բոլոր դեպքերում մենք պարտավոր ենք մինչեւ վերջ անել մեր գործը»:
Սակայն հանգուցյալի քույրն այլ կարծիք ունի եւ խմբագրության միջոցով իր անվստահությունն է հայտնում Լեւոն Հարությունյանին` պահանջելով ինչպես առձեռն տված, այնպես էլ դրամարկղում վճարված բոլոր գումարները. «Քանի որ նրանք առաջին իսկ օրվանից գիտեին եղբորս գլխուղեղում չարորակ ուռուցքի առկայության մասին, որը նշված է ամբուլատոր քարտում՝ հիվանդանոց ընդունվելու օրվանից: 2-րդ, որ սուտ խոստումներով համոզել են մեզ՝ հիվանդատերերիս, որ մի քանի վիրահատություն կատարելով, բազմաթիվ քիմիա եւ ճառագայթ ընդունելով (որոնք, իհարկե, խոշոր չափի գումարների են հասնում)` հիվանդն առողջական ոչ մի «պրոբլեմ» չի ունենա»: Վարսիկ Սահակյանը բարկացած նկարագրեց. «…Քրքրեցին, բզկտեցին եղբորս առանց այն էլ հիվանդ գլուխը, կրկնակի տառապանքի ենթարկելով` այս աշխարհից հեռացրին: Հիմա ինձ պետք է գումարը վերադարձնեն, որ ուղարկեմ հիվանդ եւ անօգնական երեխաների հաշվեհամարին»…
Երբ գումարների վերադարձի մասին «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց բժշկից, նա ասաց. «Գումարներն արդեն վճարված են, դրա մասին խոսք լինել չի կարող: Կարող էր եւ հիվանդն ապրել, բոլոր դեպքերում մենք պարտավոր էինք մինչեւ վերջ անել մեր գործը: ՀՀ քաղաքացիների ուռուցքի բուժումն անվճար է, իսկ այլ երկրների քաղաքացիները վճարում են կրկնակի»: Այսինքն` վճարվածը վերադարձման ենթակա չէ: Իսկ թե անվճարի կրկնակին ո՞րն է, այդպես էլ անհասկանալի մնաց. հավանաբար վճարովի մահն է:
Ինչեւէ, մինչ հայրենի վիրաբույժները պատվախնդրորեն դեպի մահ կուղեկցեն շատ քաղաքացիների, կոնկրետ Բաբկենի քույրը չի պատրաստվում լռել: Եւ այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու…
ԲԺՇԿԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ