Երեկ սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ 2010թ-ին Արաբկիր վարչական շրջանում կատարված սպանության գործով պաշտպան Գայանե Խաչատրյանը: Նա «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ ոստիկանության ՔՀԳՎ նախկին պետ Հովհաննես Թամամյանը չէր կարող կաշառք վերցնել եւ սպանության փաստերը խեղաթյուրել, քանի որ Շահինյանը նրան պարտք է եղել 32 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Արաբկիրում սպանված Խաչիկ Մկրտչյանի գործով 5 տարով կալանավորվեց Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի քրոջ որդի Արսեն Ահարոնյանը: Իսկ 8 ամիս անց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարեց նոր քրեական գործ հարուցել, որի հետեւանքով սպանության հոդվածով արդեն մեղադրանք առաջադրվեց, եւ դատարանը 14 տարի ազատազրկման դատապարտեց Վռամ Բաղդասարյանին: Իսկ գեներալ Հովհաննես Թամամյանը քրեական գործով փաստերը խեղաթյուրելու` պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով զբաղեցրած պաշտոնից ազատվեց, այնուհետեւ կալանավորվեց:
Երեկ սպանության մեջ մեղադրվող Վռամի փաստաբան Գայանե Խաչատրյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Միքայել Դանիելյանի հետ հրավիրված ասուլիսում մեղադրեց Շահինյանենց կողմին: Դանիելյանը նշեց, որ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի` Աղվան Հովսեփյանին ուղղված գրությունը` մակագրված հետին ամսաթվով, ուղղակի կարելի է «քսիֆ» համարել: Նա հայտնեց նաեւ, որ իրենք նամակ են ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Վռամից, որտեղ նա գրել է, թե ինչպես է իր քավոր Շահինյանն իրեն համոզել ինքնախոստովանական ցուցմունք տալ, ապա ասել, թե` «ես մեծ գումար եմ պարտք Հովհաննես Թամամյանին, այդ գումարն իրեն չեմ տալու, դու էլ մեկ տարուց դուրս կգաս»:
Դանիելյանը ներկայացրեց նոտարական գրասենյակում 2007թ-ին մեկ տարով կնքված պայմանագիրը, որով Հովհաննես Թամամյանը Հովհաննես Շահինյանին 32 միլիոն դրամ է պարտքով տվել: «Պարզվում է, որ Շահինյանը կարողացավ, չտալով այդ գումարը Թամամյանին, նստեցնել Վռամին, ազդել թե՛ նախագահի, թե՛ ՀՀ գլխավոր դատախազի, թե՛ ԱԱԾ պետի վրա: Կամ էլ վերջին երկուսը միասին գործարքի մեջ են»,-եզրակացրեց Դանիելյանը` ընդգծելով, որ դատարանում անհրաժեշտ էր նաեւ Թամամյանի վկայությունը, որը, սակայն, տեղի չի ունեցել:
Ներկայում գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում: Փաստաբանը հույս հայտնեց, որ գործը կմակագրվի այնպիսի դատավորի, որը «տղամարդկություն կունենա եւ գործն օբյեկտիվ կվարի»:
Իսկ մինչ բողոքարկումը կսկսվի, Հելսինկյան կոմիտեն բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին` կոչ անելով որպես ՀՀ-ում օրինականության երաշխավոր` հետամուտ լինել սույն գործով քրեական արդար դատաքննությանը:
ՇԱՀԻՆՅԱՆՆ Է ՊԱՐՏՔ ԹԱՄԱՄԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ