Հնարավոր է` Գյումրու շուկայի շուրջ 80 աշխատակիցներ դառնան գործազուրկ: Այդ մասին նրանք իմացել են այսօր: «Սախա-Լենա» վերահսկող ՓԲԸ-ի աշխատակիցներն են զգուշացրել, որ առեւտրականները փնտրեն առեւտրի այլ վայր, որովհետեւ շուկան փակվում է:
Խոսքը Գյումրու ծածկած շուկայի մասին է, որը, պարզվում է, գտնվում է սննկացման եզրին: Հարկային պարտավորությունները կատարել չեն կարողանում եւ որոշել են դադարեցնել գործունեությունը: Սակայն սա առաջացրել է առեւտրականների զայրույթը, ովքեր, իմանալով շուկայի փակման մասին լուրը, շտապել են Շիրակի մարզպետարան եւ քաղաքապետարան, սակայն ո՛չ մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ո՛չ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չեն ընդունել աշխատակիցներին: Այսօր առեւտրականներից միայն երկուսի հետ հանդիպել է Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, սակայն խնդրին լուծում տալ չի հաջողվել: Խոստացել են ուսումնասիրել եւ միայն օրեր անց պատասխանել` որտեղ կարող են առեւտրականները շարունակել իրենց գործունեությունը: Առեւտրականները դժգոհում են, որ իրենց ոչ միայն նախապես չեն զգուշացրել, որ հնարավոր է` շուկան փակվի, այլեւ չեն առաջարկում այլընտրանքային տեղ: «Մենք ամենքս մեկ տուն կպահենք, 75 տարեկան կին եմ, եկել կանգնել եմ, որ մի քանի մանեթ փող աշխատիմ, էդ էլ գլխիցս կկտրեն: Էգուց ընտրություն էղավ, գուկան կսեն` ում ես ընտրելու, բայց էսօր մեզի կխեղդեն, չեն թողա աշխատինք»,-նշեց Կիմա Ամիրյանը:
Կանաչի վաճառող Սերգեյ Սիմոնյանն էլ փոխանցեց, որ եթե փակեն շուկան եւ աշխատելու այլ տեղ չառաջարկեն, իրենք ստիպված է լինելու հեռանալ Հայաստանից: «Մենք հարկատու ենք, եւ մեր հարկերը գոյանում են այս մարդկանց վճարների հաշվին: Տարածքի հաշվով պետությանը հարկ ենք վճարում 500 քմ-ի համար, եւ եթե էդ տարածքը դատարկվում է, մենք ի՞նչ ենք անելու»,-փոխանցեց «Սախա-Լենա» ՓԲԸ իրավաբան Իշխան Վանոյանը: Նրա խոսքերով` ժամանակի ընթացքում շուկան զգալի դատարկվել է, առեւտրականներից շատերը գերադասել են դադարեցնել իրենց գործունեությունը: Շուկայի 500 քմ տարածքից հիմա գործում է ընդամենը 100-ը, սակայն պետությանը ստիպված են հարկեր վճարել 500 քմ-ի դիմաց, ահա թե ինչու որոշել են դադարեցնել շուկայի գործունեությունը:
Առեւտրականները բարձրաձայնում են, որ եթե շուկան փակվի, եւ իրենք զրկվեն ապրուստի միակ միջոցից, ստիպված են լինելու հասնել նախագահի նստավայր եւ այնտեղ կազմակերպել բողոքի ակցիաներ: Իսկ մինչ այդ նախապատրաստել են դիմում նամակներ նախագահին եւ վարչապետին: Կսպասեն մի քանի օր, մինչեւ պատասխան ստանան եւ հետո կծրագրեն իրենց հետագա անելիքը:
Գյումրի